IMG_6027

«Կլիմայական փոփոխությունների ռիսկերի մեղմման եվ հարմարվողականության» թեմատիկ խմբի հանդիպում

«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ «Կլիմայական փոփոխությունների ռիսկերի մեղմման և հարմարվողականության» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը, որի հիմնական նպատակն էր կլիմայական փոփոխությունների ռիսկերի նվազեցման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից փորձարկված և հաջողված տեխնոլոգիաների/մոդելիների ներկայացումը, ինչպես նաև վերջին կես տարվա ընթացքում թեմատիկ խմբի աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների (գյուղատնտեսության ապահովագրության, սուբսիդավորվմամբ վարկերի տրամադրման) ներկայացումը:

Հանդիպմանը մասնակցեցին Գուրգեն Բոշյանը` Վորլդ Վիժըն Հայաստան կազմակերպությունից, Գոհար Հովհաննիսյանը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Տիգրան Թովմասյանը և Սեդա Քալանթարյանը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, Մովես Պողոսյանը, Արա Բարսեղյանը, Տաթևիկ Բարսեղյանը, Լիլիթ Հովհաննիսյանը` ԱՌՆԱՊ հիմնադրամից, Ալեքսեյ Պետրոսյանը`ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակից, Հրաչյա Ծպնեցյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, Արտակ Մարտիրոսյանը` Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունից:

Քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն եզրակացության, որ ներկայացված խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրումն ու ներուժի միավորումը՝ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում:

Որոշվեց աշխատանքներ ծավալել հետևյալ ուղղություններով.
1. ԱՌՆԱՊ-ի շրջանակներում միավորել գյուղատնտեսության ոլորտում շահագրգիռ պետական կառույցներին, միջազգային տեղական հասարակական կազմակերպություններին, բանկերին և ապահովագրական ընկերություններին,
2. հստակեցնել առկա օրենսդրական դաշտը գյուղատնտեսության ապահովագրման և սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման առումով,
3. միջազգային լավագույն փորձի կիրառմամբ մշակել գյուղատնտեսական ռիսկերի գնահատման տեղայնացված մեթոդոլոգիա և գործիքներ,
4. ընտրել Հայաստանի համար ընդունելի ապահովագրական մեխանիզմների ներդրման միջազգային լավագույն մոդելը, տեղայնացնել այն և փորձարկել մեկ կամ մի քանի համայնքներում,
5. արդյունքների վերլուծության հիման վրա մշակել և առաջարկել գյուղատնտեսության ապահովագրման և վարկերի տրամադրման գործուն մեխանիզմներ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: