Թումանյան

Բարձրացել է աղետների ռիսկի նվազեցման գործընթացների կարևորման և արժևորման մակարդակը թե՛ մանկավարժների, և թե՛ սովորողների շրջանում

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագրի ևս մեկ բաղադրիչ էր «Սովորողների և ուսուցիչների շրջանում վարքագծի և գիտելիքների փոփոխության» ուսումնասիրությունը։

Հետազոտության հիմնական նպատակն էր գնահատել ծրագրի թիրախ դպրոցներում սովորողների և ուսուցիչների վարքագծի և գիտելիքների փոփոխությունը ծրագրի իրականացման ընթացքում/արդյունքում, ինչպես նաև համեմատական անցկացնել 2019թ-ին իրականացված հետազոտության արդյունքների հետ:

Հետազոտությունը իրականացվել է երկու փուլով.
• Փուլ 1 – մինչև ծրագրի հիմնական գործողությունների սկիզբը։
• Փուլ 2 – ծրագրի ավարտին։

Հետազոտությունը իրականացնելու համար՝ մշակվել էր հարցաշարեր բաղկացած 35 հարցից, որոնք ուղղված էին պարզելու.
• Գնահատման մասնակիցների գիտելիքները՝ վտանգավոր երևույթների, աղետների վերաբերյալ,
• Գնահատման մասնակիցների տեղեկացվածությունը՝ իրենց համայնքին բնորոշ վտանգների վերաբերյալ,
• Գնահատման մասնակիցների պատրաստվածությունը՝ իրենց համայնքին բնորոշ վտանգներին դիմակայելու վերաբերյալ,
• Տվյալ ուսումնական հաստատության ԱՌՆ ուղղված քայլերը,
• Ուսումնական հաստատության ԱՌՆ միջոցառումներին բազմակողմանի մասնակցությունը,
• Ուսումնական հաստատության ԱՌՆ կրթության որակը,
• ԿԱՊԿՈՒ երեխաների ներգրավվածությունը ԱՌՆ միջոցառումներին,
• և այլն:

Գնահատումն իրականացվել է անանուն։ Մինչ գնահատման սկիզբը մասնակիցներին բացատրվել է գնահատման նպատակը, աշակերտներին տրվել է հարցաթերթիկը լրացնելուց հրաժարվելու հնարավորություն։ Գնահատման ընթացքում աշակերտները եղել են առանձին. ո՛չ մանակավարժները, և ո՛չ էլ դպրոցի վարչական աշխատողները չեն միջամտել աշակերտների հարցման գործընթացին։ Գնահատմանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտ 300 մարդ:

Հետազոտության արդյունքները համեմատվել են 2019թ-ին արված ուսումնասիրության արդյունքների հետ. Ստորև ներկայացված են առանցքային մի շարք դիտարկումներ.

• Ավելի շատ վտանգներ են նշվել, որոնք սպառնում են համայնքին, քան 2019թ-ին էր արձանագրվել։ Համայնքերի ԱՌԿ պլանները, ինչպես նաև ՏՄՌԿ հետազոտությունները վկայում են, որ նշված վտանգներն իրոք սպառնում են թիրախ համայնքներին:
• Ի տարբերություն 2019թ․-ի ուսումնասիրության արդյունքների՝ գնահատման մասնակիցները ավելի լավ էին իրազեկված երկրաշարժի մասին, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո՝ վարքագծի կանոններին։ Տեսական գիտելիքները ավելացել են, բայց գործնական վարժանքներն իրականացվում են ոչ լիարժեք և ոչ անհրաժեշտ քանակով։ Վարժանքները սահմանափակվում են տարհանում իրականացնելով:
• Չնայած նրան, որ Հայաստանի բոլոր դպրոցներն անցել են ներառական կրթության, այնուամենայնիվ, ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է պետք կազմակերպել ԿԱՊԿՈՒ երեխաների տարհանումը։ Սակայն, ի տարբերություն 2019թ․-ի ցուցանիշների՝ այստեղ բավականին առաջընթաց է գրանցվել։
• Մասնակիցների զգալի մասը նշել է, որ իրենց ուսումնական հաստատությունում առկա է տարբեր բնույթի ԱՌՆ տեղեկատվական ցուցանակներ կամ պաստառներ։ 2019թ․-ի համեմատ՝ դրանք ավելացել են։
• 2019 թ-ի ուսումնասիրության արդյունքների հետ համեմատած՝ բարձրացել է ԱՌՆ գիտելիքների մակարդակը և ԱՌՆ-ն արժևորելու մակարդակը թե՛ մանկավարժների, և թե՛ սովորողների շրջանում։