Հզորացվում են հասարարական կազմակերպությունների աղետների ռիսկի նվազեցման ԵՎ քաղաքացիական պաշտպանության կարողությունները

Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» (UK CSSF) կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը «Լոռէ» փրկարար ջոկատի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի աջակցությամբ 2021թ-ի հոկտեմբերի 12-ից 23-ը կազմակերպեց և իրականացրեց չորս եռօրյա դասընթաց «Աղետների ռիսկի կառավարում և համայնքային դիմակայության ամրապնդում» թեմայով:

Դասընթացների նպատակն էր հզորացնել դասընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունների (ՀԿ)՝ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և քաղաքացիական պաշտպանության կարողությունները:

Դասընթացի շրջանակում քննարկվեցին 10-ից ավելի թեմաներ, որոնք վերաբերում էին աղետների ռիսկի նվազեցմանը և քաղաքացիական պաշտպանությանը: Մասնավորապես՝ ներկայացվեցին և քննարկվեցին ԱՌՆ հիմունքները, «գենդերային հիմնախնդիրներ»-ը ԱՌՆ համատեքստում, կանանց հատուկ կարիքները արտակարգ իրավիճակներում՝ հատուկ շեշտելով վերարտադրողական առողջությունը, մոր և մանկան առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քաղաքացիական պաշտպանության համակարգը, դրա նպատակը, բնակչության պաշտպանության ձևերը, դրանց կազմակերպման մեխանիզմները, տեղական մակարդակում ռիսկի կառավարման ընդունված մոտեցումները, ինչպես նաև՝ ԱՌՆ պլանավորման ընդունելի ձևաչափը նախադպրոցական ուսումնական հաստատությունների մակարդակում:
Քննարկվեց նաև վերնշյալ ծրագրի շրջանակներում ՀԿ-ների տրամադրվող փոքր դրամաշնորհների մասին:

Թիրախային 3 մարզերից դասընթացին մասնակցեցին 62 մասնակից 22 ՀԿ-ից, որից 28-ը՝ կին, 34-ը՝ տղամարդ:
Դասընթացների մասին ավելի շատ տեղեկատվություն կարող եք ստանալ հղումով: