Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության հիմնախնդիրները քննարկվեցին Մասիսի, Արտաշատի և Արարատի բուժաշխատողների և հրշեջ-փրկարարների հետ

Հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ համագործակցության շրջանակներում:

2017 թվականից ի վեր՝ ՄԱԲՀ ֆինանսական օժանդակությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացրել հրշեջ-փրկարարների և բուժաշխատողների համար՝ «Վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում» թեմայով:
2017-2021թթ-ի ընթացքում դասընթացներն իրականացվել են Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում, որի արդյունքում վերապատրաստվել են ավելի քան 1500 մասնագետ:

Այս տարի դասընթացները պլանավորվեց և իրականացվեց Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ խոշորացված համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցների և բուժաշխատողների համար (6 մեկօրյա դասընթաց):

Դասընթացների նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես` հղիներին ու ծննդաբերող կանանց, ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության մակարդակի իջեցմանն ու կանխարգելմանը։
Դասընթացների մասնակիցների հետ քննարկվեցին ճգնաժամային իրավիճակներում կանանց առանձնահատուկ կարիքները՝ հատուկ շեշտադրելով վերատադրողական առողջությունը, դրա հետ կապված խնդիրները: Խոսվեց ճգնաժամային իրավիճակներում սեռական բռնության, սեռավարակների տարածման, մայրական և նորածնային մահերի, անցանկալի հղիությունների ռիսկի մեծացման մասին: Ներկայացվեց «Նվազագույն նախնական ծառայությունները»՝ MISP ռազմավարությունը/արձագանքման մեխանիզմը, որը ժամանակավոր այլընտրանք/լուծում է իրենից ներկայացնում լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ գրանցվել է առողջապահական ծառայություններ (վերատադրողական առողջության ոլորտում) մատուցելու տեղական ռեսուրսի կորուստ, սակայն, անհրաժեշտության կա շարունակել բնակչությանը տրամադրել բազային բժշկական ծառայություններ:

Մասնակիցների հետ քննարկվեցին իրավիճակային խնդիրներ, ծննդաբերության մասին տեսաֆիլմեր ցուցադրվեցին, ներկայացվեց MISP «Մաքուր ծննդաբերության փաթեթ»-ը, որը նախատեսված է արտահիվանդանոցային պայմաններում հրատապ անհրաժեշտության պայմաններում ծննդօգնություն տրամադրելու համար: Մասնակիցներին տրվեց նաև գիտելիք ինչպե՞ս կազմակերպել ծննդօգնությունը:
Նախաձեռնության շրջանակներում դասընթացներին մասնակից կառույցներին տրամադրվեց «Մաքուր ծննդաբերության փաթեթ»-ներ (37 հատ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական ծառայության հրշեջ-փրկարական ջոկատներին (հավաքածուներն արձագանքման մեքենաներում միշտ ունենալու համար) և 17 հավաքածու տրամադրվեց բնակավայրերում գործող փոքր բժշկական կազմակերպություններին՝ որպես օրինակ ունենալու և ըստ անհրաժեշտության օգտագործելու համար):

Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին 122 մասնագետ (65 բուժաշխատող և 57 հրշեջ-փրկարար):
Դասընթացները վարեցին վերարտադրողական առողջության, պիրենատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի բարձրակարգ մասնագետները: