Բարելավվում է Սյունիքի մարզի հրշեջ-փրկարարների հրահանգչային հմտությունները

Ս.թ. հոկտեմբերի 12-ից 14-ը «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ համագործակցությամբ իրականացրեց եռօրյա հրահանգչային վերապատրաստման դասընթաց` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և վարչության ենթակայության հրշեջ-փրկարարական ջոկատների 12 (10 տղամարդ, 2 կին) ներկայացուցիչների համար:

Դասընթացի նպատակն էր ներգրավված մասնագետներին վերապատրաստել որպես հրահանգիչներ, ովքեր մոտակա մեկ տարվա ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները կիրառելով սեմինար – դասընթացներ կանցկացնեն Սյունիքի մարզի 114 դպրոցներում:

Հրահանգչային դասընթացի թեման աղետների ռիսկի նվազեցման և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերն էին:

Եռօրյա դասընթացի շրջանակներում ներգրավված մասնագետների հետ քննարկվեցին այն թեմաները, որոնք պետք է ներկայացվեն դպրոցներում: Մասնավորապես.

  • աղետների ռիսկի նվազեցումը և կայուն զարգացում,
  • քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր,
  • երկրաշարժ,
  • հրդեհ:

Անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում կիրառվեցին տարբեր մեթոդներ, այդ թվում՝ դասախոսություն, քննարկում, խաղ-վարժանքներ, գործնական առաջադրանքներ, խմբային աշխատանք և այլն:

Հրահանգչային հմտությունները զարգացնելու նպատակով ներկայացվել են նախապայմանները, որոնք անհրաժեշտ է իմանալ, հետևել, զարգացնել և այլն (լսարանի կառավարման հմտությունները, խոսքի, ժեստերի, ձայնի տոնի կարևորությունը, մասնակիցների տեսակները, նրանց հետ աշխատելու տարբերակները և այլ շատ հարցեր): Մասնակիցները հնավարորություն ունեցան նախապատրաստել զեկույցներ և ներկայացնել դրանք: Յուրաքանչյուր զեկույց/ներկայացում քննարկվեց խմբի և հրահանգիչների կողմից, տրվեցին խորհուրդներ՝ ներկայացման որակը բարելավելու համար:

Վերջին օրը դասընթացների մասնակիցները դասընթացներ իրականացրին Վերիշենի, Գորիսի թիվ 1 և թիվ 5 դպրոցներում՝ խոսելով քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներից, բնակչության պաշտպանության ձևերից, ազդարարման ազդանշաններից (օդային տագնապ, ուշադրություն բոլորին, օդային տագնապի ավարտ) և այլն: Քննարկվեցին նաև երկրաշարժ և հրդեհ թեմաները:

Դպրոցներում կազմակերպված սեմինար-դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին 96 աշակերտ և ուսուցիչ:

Ամբողջ գործընթացը վերահսկվեց ԱՌՆԱՊ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչների կողմից:

Դասընթացի արդյունքները նույպես քննարկվեցին:

Մոնիտորինգ այցով դասընթացին ներկա գտնվեցին «Վոլրդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները: «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի «Կանայք, խաղաղություն, անվտանգության» բաղադրիչի համակարգող Սեւան Պետրոսյանը ներկայացրեց «Երեխաների և մեծահասակների անվտանգության ապահովման և պաշտպանության կանոնակարգ»-ը:

Ծրագիրը իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն ֆինանսական աջակցությամբ: