Ավարտվեց «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի նախապատրաստական փուլը

Օրերս «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը (ԱՌՆԱՊ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել, քննարկել և ամփոփել ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակներում կատարված աշխատանքները:

Զեկույցով հանդես եկավ ծրագրի համակարգող Աշոտ Սարգսյանը:

Նախապատրաստական փուլի բոլոր գործողությունները ուղղված էին ծրագրի թիրախ 8 խոշորացված համայնքի 99 բնակավայրում «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ ուսումնասիրություններ իրականացնելու համար պայմաններ ստեղծելուն, որի համար ծրագրային թիմը.

  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ հանդիպում կազմակերպեց շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, որի ընթացքում ներկայացրեց ծրագիրը և յուրաքանչյուր կառույցից ակնկալվող աջակցությունը:
  • Հանդիպումներ ունեցավ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզպետարանների և Գորիսի, Վայքի, Տեղի, Իջևանի, Ստեփանավանի, Լոռի Բերդի, Գյուլագարակի ու Անիի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ նույնպես ներկայացրեց ծրագիրը, ակնկալվող արդյունքները, համայնքի ակտիվ ներգրավվածության կարևորությունը և համայնքից ակնկալվող աջակցության շրջանակը:
  • Իրականացրեց 2 եռօրյա դասընթաց, որի նպատակն էր վերապատրաստել թիրախ համայնքներում արդեն իսկ ձևավորված տեղական թիմերի անդամներին (5 թիմ, յուրաքանչյուրում՝ 4 ներկայացուցիչ), ովքեր պետք է զբաղվեն տեղերում տվյալների հավաքագրմամբ: Դասընթացի ընթացքում փորձագետները դասընթացի մասնակիցներին ներկայացրել են՝ անմբողջ գործընթացը, որը պետք է իրականացնել տվյալները հավաքագրելիս, տվյալների հավաքագրման գործիքակազմը, դրանց թվայնացման ձևաչափերը, լրացման սկզբունքները և այլն: Տեղական թիմերը հնարավորություն ունեցան գործնականում նախօրոք ընտրված համայնքներում կիրառել տվյաների հավաքագրման գործիքները:

Ներկայումս տեղական թիմերն ակտիվ աշխատում են թիրախ բնակավայրերում՝ համաձայն սահմանված գրաֆիկի: