111 m

2016-2020 թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) առաջնահերթությունների որոշման գործնական հանդիպում

Սեպտեմբերի 23-24-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, ՄԱԿ-ից, «ԱՌՆԱՊ» հիմնադրամից, այլ շահագրգիռ կառույցներից և քաղաքացիական հասարակությունից:
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որում շեշտվում էր Հայաստան-ՄԱԿ ակտիվ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը:

Հանդիպման նպատակն էր՝ շահագրգիռ կողմերի հետ միասին մշակել ՄԱԿԶԱԾ արդյունքների աղյուսակի առաջին նախագիծը, որը հիմք կծառայի ՄԱԿ-Հայաստան համագործակցության ծրագրի առաջիկա հինգ տարվա պլանի մշակման համար:
Աշխատաժողովի մասնակիցներն ըստ ոլորտի բաժանվեցին խմբերի (սոցիալական ծառայություններ և ներառում, տնտեսական զարգացում և աղքատության նվազեցում, ժողովրդավար կառավարություն և մարդու իրավունքներ, շրջակա միջավայր): Խմբերից յուրաքանչյուրը վեր էր հանում ոլորտում առկա կարևորագույն մեկ կամ երկու խնդիր, դրանց արմատական պատճառները, մշակում ու ներկայացնում էր առաջիկա հինգ տարվա համագործակցությունից ակնկալվող վերջնական արդյունքը, գնահատման քանակական ու որակական ցուցիչները, անհրաժեշտ պայմաններն ու հնարարավոր ռիսկերը:
Հանդիպման արդյունքում որոշվեց լրամշակել և կատարելագործել ներկայացված աղյուսակի նախագիծը, մինչև այս տարվա ավարտը կազմակերպել ևս մեկ նմանատիպ հանդիպում՝ աշխատանքներին ավելի ակտիվ մասնակցային ընթացք տալու համար: