DSCN1630

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» թեմայով կլոր սեղան-քննարկում

Ս․ թ․ սեպտեմբերի 29-ին «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալությունից, մարզային և տարածքային զբաղվածության կենտրոններից, գործատուների միությունից, առևտրաարդյունաբերական պալատից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան Ջինա Սարգիզովան («Սեյվ դը չիլդրեն», ԼԱՅՖ ծրագրի տնօրեն), Տաճատ Ստեփանյանը (ԱՄՆ ՄԶԳ) և Արտակ Մանգասարյանը (ԱՍՀՆ Զբաղվածության Պետական Գործակալության պետ): Հանդիպման փորձագետներ Արմեն Ալավերդյանը («Ունիսոն» ՀԿ, գործադիր տնօրեն), Ցողիկ Բեջանյանը (ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ) ներկայացրեցին թեմային առնչվող խնդիրները, ձեռքբերումները, առաջարկներն ու բացերը, ինչպես նաև LIFE ծրագրի ընթացքում գործընկեր կազմակերպությունների, գործատուների և հաշմանդամություն ունեցող անձանց մտահոգող հարցերը:
Հանդիպումը վարում էր Գոհար Գալստյանը («Սեյվ դը չիլդրեն», ԼԱՅՖ ծրագիր):
Հանդիպման նպատակը գործատուների հետ համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկումն էր, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրների մեղմմանը, ծառայությունների որակի բարելավմանը, համագործակցության ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների լուծմանը, ինչպես նաև համագործակցության զարգացման նոր մեխանիզմերի և ուղիների մշակմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գործատու-աշխատանք փնտրող համագործակցությունը, զբաղվածության պետական գործակալության ծրագրերը, հաշադամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության ապահովումն ու հիմնախնդիրները: Իրենց փորձով կիսվեցին «Երկնային մանանա» և «ԻՂՁ» ՍՊԸ-ների, «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ներկայացուցիչները:
Հանդիպման ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրին տրվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավայր ներառելու մասին ձեռնարկ: