ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ս/թ փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Ծրագիրը կազմակերպել և իրականացրել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ համատեղ:
Ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ կառավարությանը դպրոցների և նախադպրոցական հաստատությունների անվտանգության համընդհանուր գնահատում իրականացնելու հարցում: Ծրագիրը համապատասխանում է Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների ծրագրի 4-րդ գերակա ուղղությանը՝ «Նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները», որի հիմնական նպատակն է երկրներում և համայնքներում աղետների հետևանքով պատճառված մարդկային, սոցիալական, բնապահպանական ու տնտեսական ակտիվների կորուստների էական նվազեցումը:
Համաժողովի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրի ամփոփիչ վերլուծական հաշվետվությունը: Հաշվետվությունը կօժանդակի ՀՀ Կառավարությանը մշակել հանրակրթական ուսումնական հաստատությունների վերականգմանը, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ազգային ծրագիր և գործողությունների պլան, որը կներառի բացահայտված ամենախոցելի դպրոցները, անհրաժեշտ միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները:
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից: