IMG_5096[1]

Հանդիպում Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ

Ս.թ. ապրիլի 3-ին, «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱԶԲ-ի` դպրոցների սեյսմիկ ամրացման վարկային ծրագիրը:

Հանդիպմանը մասնացում էին պարոն Յե Յոնգը (ԱԶԲ, քաղաքային զարգացման տնտեսագետ), տիկին Գոհար Մուսաելյանը (ԱԶԲ, ծրագրերի ավագ պատասխանատու), պարոն Փիթեր Յանևը (ԱԶԲ, երկրաշարժերի և բնական երևույթների ռիսկի կառավարման խորհրդատու), պարոն Էնդրյու Յանևը (ԱԶԲ, երկրաշարժերի և բնական երևույթների ռիսկի կառավարման խորհրդատու), պարոն Անիլ Փոխրելը (ԱԶԲ, Աղետների ռիսկի կառավարման մասնագետ), Ալեքս Յորգանսենը (ԱԶԲ, քաղաքային զարգացման խորհրդատու), տիկին Շուշան Կուրկչյանը (ԱԶԲ խորհրդատու), պարոն Մովսես Պողոսյանը (ԱՌՆԱՊ տնօրեն), պարոն Արա Բարսեղյանը (ԱՌՆԱՊ փոխտնօրեն) և Մարգարիտա Մինասյանը (ԱՌՆԱՊ տնօրենի օգնական):

Ողջույնի խոսքով հանդես եկավ պարոն Պողոսյանը` ներկայացնելով ԱՌՆԱՊ հիմնադրամի կառուցվածքն ու գործունեութունը և խոսելով երկրի աղետակայուն զարգացման մի շարք խնդիրների, դպրոցների հզորացման ծրագրի կարևորության, ոլորտում առկա խնդիրների, բացերի ու նրբությունների մասին:

Պարոն Յոնգը նախ շնորհակալություն հայտնեց պատրաստակամության և աջակցության համար, այնուհետև ներկայացրեց ծրագրի նպատակը, այն է` կյանքի կոչել դպրոցների սեյսմիկ անվտանգության հզորացման ծրագիրը: Ներկայացվեցին նաև այն քայլերը, որոնք նախատեսվում են իրականացնել ծրագիրը կյանքի կոչելու համար:

Պարոն Յոնգը, ծանոթ լինելով ԱՌՆԱՊ-ի` տարբեր ոլորտներում (Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներ, գենդերային հիմնահարցեր, կրթություն, սոցիալական պաշտպանության համակարգ) գործունեությանն ու ձեռքբերումներին, ցանկություն հայտնեց իմանալ պլատֆորմի դիրքորոշումը, թե ԱՌՆԱՊ գործունեության նշված ուղղություններից կոնկրետ որ ուղղությունն է ավելի համահունչ ծրագրի խնդիրներին, որն էլ հնարավոր կլինի ներառել ծրագրում: Պարոն Պողոսյանն առաջարկեց ծրագիրն իրականացնել ՀՀ Կառավարության կողմից սեյսմիկ առումով առավել խոցելի ճանաչված դպրոցներում:

Պարոն Պողոսյանն առաջարկեց փոխհամագործակցության հուշագիր կնքել այն կառույցների միջև, ովքեր ցանկություն և պատրաստակամություն կհայտնեն աջակցելու մեկ ընդհանուր նպատակին, այն է` դարձնել դպրոցները աղետակայուն: Պլատֆորմի տնօրենը խոսեց նաև հիմական գործընկերների` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներ նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և այլն, կարևորագույն դերի և ներդրումների մասին:

Պարոն Փոխրելը նշեց, որ իրենք իրականացնում են դպրոցների բաց քարտեզագրում, որին յուրաքանչյուրը կարող է մասնակից լինել: Այն հիմք կհանդիսանա բջջային հեռախոսների ծրագրի համար, որը կտեղեկացնի, թե երկրաշարժից հետո որ ուղղությամբ պետք է ուղարկել մարդկանց երեխաներին տարհանելու համար:

Հանդիպման ընթացքում մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում համագործակցելու, որի համար որպես առաջին քայլ որոշվեց մշակել փոխհամագործակցության հուշագրի նախագիծ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: