DSC_0297

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս/թ դեկտեմբերի 24-ից 25-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանն ուղղված երկրորդ աշխատանքային հանդիպումը, որը իրականացվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման նպատակն էր՝ շահագրգիռ կողմերին ներկայացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի հիմնական ուղղությունները, ինչպես նաև մշակել հայեցակարգային նպատակներին հասնելու քայլերը։ Հիմնական հայեցակարգային նպատակներն էին՝
1. Քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում՝ հիմնված նորարարական մոտեցումների և տեղեկատավական տեխնոլոգիաների համակարգի վրա,
2. Կայուն, համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում,
3. Քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում՝ քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներում,
4. Դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում,
5. Տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում:

Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվեց առաջին աշխատանքային հանդիպման արդյունքները, որից հետո մասնակիցները բաժանվեցին թեմատիկ երեք խմբի և բացահայտեցին իրենց թեմատիկ ուղղությանը վերաբերող մարտահրավերները, խնդիրները, առաջնահերթությունները, վերջիններիս լուծմանն ուղղված գործողությունները, աջակցող պայմանները, ակնկալվող արդյունքները և այլն։ Թեմատիկ ուղղություններն էին՝
• Կլիմայական փոփոխություններ և հարմարվողականություն, աղետների ռիսկի նվազեցում, դիմակայունություն,
• Խելացի տրանսպորտային ցանցով քաղաք,
• Խելացի կառավարում։

Ստացված արդյունքները կներկայացվեն Երևանի քաղաքապետարանին վերջնական լրամշակման և ամփոփման համար:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Երևանի քաղաքապետարանից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, «Smart city» ՀԿ-ից, այլ կազմակերպություններից, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներ։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: