IMG_2015

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Փետրվարի 24-26, 2017թ. Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով, որի նպատակն էր ՀՀ կրթության համակարգի աղետների ռիսկի կառավարման ռազմավարության մշակումը։ Այն կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» ծրագրի «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ենթածրագրի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակիցում էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից (ԿԳՆ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ԱՌՆԱՊ գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արա Բարսեղյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, ծրագրի փորձագետներ Ռոբերտ Սեփանյանը և Արա Ասլանյանը։
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են հետևյալ թեմաները՝
– «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունից» բխող կրթության ոլորտի խնդիրները,
– Կրթության ոլորտում երկարաժամկետ և միջնաժամկետ պլանավորման գործընթացները և ժամանակացույցը
– ՈՒսումնական հաստատությունների համալիր անվտանգության ռազմավարությունը։
Ուսումնական հաստատությունների համալիր անվտանգության 3 բաղադրիչների (ֆիզիկական անվտանգություն, ռիսկերի կառավարում և ԱՌՆ ուսուցում) համապատասխան մասնակիցներն աշխատեցին խմբերով։
Յուրաքանչյուր խմբում մշակվեցին և ներկայացվեցին այն հիմնական գործողությունները, որոնք պետք է ներառվեն ռազմավարության մեջ, նշվեցին ակնկալվող արդյունքները, պատասխանատու մարմինները, համակատարողները, ինչպես նաև նշվեցին իրականացման մոտավոր ժամկետներ։
Արդյունքներն ամփոփելուց հետո քննարկվեցին և համաձայնեցվեցին նաև ռազմավարության մշակման հետագա քայլերը։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ