18199577_1332215423526390_7687957741505154367_n

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

Մայիսի 5, 2017: Համագործակցության հուշագիր կնքվեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ի միջև։

18341762_1332215413526391_7636071588782951363_n

Ըստ հուշագրի՝ վերը նշված կազմակերպությունները համաձայնվել են համագործակցել մեղմելու գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացած բացասական հետևանքները։

Իրականացվող նախագծի շրջանակներում ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրի մինչև 7 տարի ժամկետով ՀՀ դրամով նպատակային վարկեր՝ սկսած 12.5% տարեկան տոկոսադրույքից։

Կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերումը և ներմուծումը Հայաստան կկազմակերպվի ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։
ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Կատալիտիկ ֆոնդ»-ի կողմից, ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի որպես դրամաշնորհային ներդրում։

ԱՌՆ ազգային պլատֆորմը ֆերմերներին կտրամադրի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման և խնամքի վերաբերյալ: Կիրականացվեն չափագրման, ցանցերն ամրացնելու համար անհրաժեշտ կոնստրուկցիաների տրամադրման և ցանցերի տեղադրման աշխատանքները:

18199096_1332215420193057_1156091953273651073_n

Այս համագործակցության շրջանակներում արդեն իտալական արտադրության կարկտապաշտպան ցանցերը ներկրվել են Հայաստան։ Նշված ցանցերն ունեն առնվազն 12 տարվա երաշխիք և բարձր արդյունավետություն։

Հայաստանում առաջին անգամ հակակարկտային ցանցեր տեղադրվել են 2013թ-ին Տավուշի մարզի Տավուշ և Այգեհովիտ համայնքներում ՄԱԶԾ-ի և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Այն փորձնական էր և նպատակ էր հետապնդում պարզել ցանցերի արդյունավետությունը։
Տեղադրումից չորս տարի է անցել։ ԱՌՆ ազգային պլատֆորմի և ՄԱԶԾ-ի կողմից պարբերաբար անցկացված մոնիթորինգների արդյունքները հիմք ընդունելով կարելի է փաստել, որ փորձը հաջողված է, որն էլ հանդիսացավ հակակարկտային ցանցերի օգտագործման մշակույթը Հայաստանում տարածելու և զարգացնելու նախադրյալներից մեկը։

Կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը կարող եք դիտել այստեղ: