IMG_4210

ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵՂՐԻ ԵՎ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս./թ. մայիսի 7-ին Մեղրի և Ագարակ քաղաքների հրշեջ փրկարարական ջոկատների աշխատակիցների և մայիսի 8-ին վերոնշյալ քաղաքների բուժաշխատողների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու ցուցաբերել արտակարգ իրավիճակներում գտնվողների, հատկապես հղիների ու ծննդաբերող կանանց անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը։

Դասընթացը կազմակերպել էին «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Մերի Սարուխանյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, կարևորությունը, ինչպես նաև զեկույցներ «Աղետների ռիսկի կառավարման հիմունքներ», «Կայուն զարգացման նպատակներ և Սենդայի գործողությունների ծրագիր» և «Էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք» թեմաներով։

Այնուհետև ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրեց դասընթացի թեմային վերաբերող հետևյալ զեկույցները՝
• «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում»,
• «Միջազգային հիմնական հանձնարարականները Մոր և մանկան առողջության պահպանման համար ճգնաժամային իրավիճակներում»,
• «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրում»,
• «ՄԻԱՎ/ՍՃՓՎ կանխարգելումը ճգնաժամային իրավիճակում»,
• «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը ՍՃՓՎ և ՄԻԱՎ-ի ոլորտում»,
• «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ՝ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար»:

Մասնակիցների համար նախատեսված էին նաև մի շարք գործնական աշխատանքներ, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր զեկույցի բովանդակությունը։
Դասընթացներին ընդհանուր թվով մասնակցեցին 51 անձ, որից 27-ը տղամարդ, 24-ը՝ կին։
Դասընթացից առաջ և հետո իրականացվեց դասընթացի վերաբերյալ մասնակիցների գիտելիքների գնահատում, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների գիտելիքները թեմայի վերաբերյալ աճել էին 30 տոկոսով՝ 35-ից դառնալով 65:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: