8548

Հայաստանը 2017 թ.-ի ԱՌՆ գլոբալ պլատֆորմում

Մայիսի 22-ից 26֊ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) գլոբալ պլատֆորմին մասնակցելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Դ. Տոնոյանի գլխավորությամբ Մեքսիկա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը։ Գլոբալ պլատֆորմը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ միջազգային ռազմավարության գրասենյակը (UNISDR):

8555

Գլոբալ պլատֆորմի հիմնական նպատակն է կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ՄԱԿ-ի կազմակերպություններին հնարավորություն ընձեռնել իրականացնելու փորձի փոխանակում և մշակելու ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերը (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչելու, ինչպես նաև 2015֊2017թթ. ԱՌՆ ուղղությամբ կատարած աշխատանքները ներկայացնելու համար։

Գլոբալ պլատֆորմին մասնակցում է աշխարհի 176 երկրից ժամանած շուրջ 5000 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների անդամներ, փորձագետներ, գիտնականներ և այլք:
Պլատֆորմի շրջանակներում մոտ 100 աշխատաժողով և թեմատիկ քննարկում է կազմակերպվել՝ տարբեր երկրների քաղաքական ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մայիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը:

8554

Նստաշրջանի հիմնական առաքելությունն էր՝
• երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումների արդյունավետ ուղղորդումը,
• երկրներում վաղ ազդարարման համակարգերի կիրառման առաջընթացը գնահատող մեթոդաբանության ներկայացումը,
• փորձի և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգերի հաջողված փորձի տարածման խթանումը:

Գլոբալ Պլատաֆորմի բացման հանդիսավոր արարողությանը նախարար Դ. Տոնոյանը ՀՀ կառավարության անունից հանդես եկավ ազգային զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի՝ աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացման գործընթացը, ինչպես նաև խոսեց ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության, համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մոտեցումների, կրթական համակարգի դիմակայունության բարձրացմանն ուղղված հանրակրթական դպրոցների ԱՌՆ և ԱԻ գործելու պլանների մասին:

Ամբողջական ելույթը կարող եք դիտել այստեղ։

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Տոնոյանը նշեց, որ բարձր է գնահատում UNISDR-ի դերը՝ Հայաստանին ԱՌՆ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար։ Այնուհետև քննարկվել են UNISDR֊ի և առհասարակ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր:

8498

Հաջորդ հանդիպումը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ էր:

Այս հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ թե՛ Հայաստանը, թե՛ Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, և դրանից բխող ռիսկերը միշտ արդիական են: Համաձայն քննարկումների՝ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ կտարվեն աշխատանքներ:

Աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում պատվիրակութունը ներկայացրել է Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը:
Գլոբալ պլատֆորմի արդյունքները ավելի մանրամասն կներկայացվեն պատվիրակության վերադարձից հետո: