IMG_4507

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԵՎ ԳԵՏԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՅԱԶԳԱՅՈՒՆ ՏՄՌԿ-Ի ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 18, 2017թ։ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կողմից իրականացվող, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում Դիլիջանում տեղի ունեցավ «Երեխայազգայուն ՏՄՌԿ-ի կիրառական ուղեցույցի փորձարկումը Խաշթառակ և Գետահովիտ համայնքներում» խորագրով նախապատրաստական սեմինար:
IMG_4530

Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կարողությունների կատարելագործմանը նպաստող այս սեմինարը, որը նախատեսված էր Տավուշի մարզային ԱՌՆ թիմի անդամների, Խաշթառակ և Գետահովիտ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ՏՏ մասնագետների, դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և Տավուշի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների համար համատեղ ջանքերով կազմակերպել էին ԱՌՆԱՊ հիմնադրամը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Սեմինարի ընթացքում մասնակիցները իմացան, թե ինչպես՝
• բացահայտել համայնքի վտանգները, կլիմայական փոփոխությամբ պայմանավորված վտանգները, համայնքի խոցելի տարրերը, վերջինիս կարողությունները և վերոնշյալների համադրությունից բխող աղետների ռիսկայնությունը։
• ձևավորել թիրախ համայնքների համար աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված առաջնային և կենսական կարևորություն ունեցող միջոցառումների պլանավորման սկզբունքները և մեխանիզմները:
• բացահայտել աղետների ռիսկի նվազեցման տեսանկյունից համայնքի բնակիչների գիտելիքների, հմտությունների և իմացության մակարդակը, համայնքում առկա ռեսուրսները, որոնք հնարավոր է ուղղել ԱՌՆ նպաստող համայնքահեն միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը: Վերոնշյալ միջոցառումները ներառվելու են համայքի սոցիալական զարգացման ծրագրերում:

IMG_4503

Սեմինարի շրջանակներում մասնակիցները բաժանվեցին երկու աշխատանքային խմբերի և գործնականում կիրառեցին ՏՄՌԿ ուղեցույցում ներառված հետևյալ գործիքները՝
երկրորդական աղբյուրների տվյալներ.
այս եղանակով ստացված տվյալները անհրաժեշտ են ԽԿԳ թիմին, քանի որ դրանք տրամադրում են համայնքի վերաբերյալ հիմքային/սկզբնական տեղեկատվություն
ակնադիտական զննում.
այն իրականացվում է ԽԿԳ թիմի անդամների կողմից համայնք մտնելու առաջին իսկ պահից՝ նպատակ ունենալով գրանցել այն ամենը (առաջին տպավորությունը համայնքից, այնտեղ տեղակայված շենք/շինություններից, տեղանքից, հողի օգտագործումից և մարդկային ռեսուրսներից), ինչը վտանգ է պարունակում և անմիջապես գրավում է նորեկի ուշադրությունը,
IMG_4525
քարտեզագրում.
այս գործիքի նպատակն է համայնքի համար ակնառու դարձնել ռիսկային տեղանքները, որոնք առօրյա կյանքում կա՛մ տեսանելի չեն, կա՛մ էլ անուշադրության են մատնված,
կիսակառուցվածքային հարցազրույցներ.
տրամադրում են տեղեկատվություն տեղական մակարդակում աղետների, վտանգների, խոցելիության և տեղական ինքնակառավարման մարմինների արձագանքման կարողությունների վերաբերյալ,
ֆոկուս խմբեր.
վերոնշյալ գործիքը ենթադրում է քննարկումներ համայնքի ֆոկուս խմբերի հետ՝ միևնույն մասնագիտությունը, տարիքը, սեռը կամ սոցիալական պատկանելությունը ունեցող անձինք (վարչական աշխատողներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, գյուղատնտեսներ, կանայք և երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, և այլն):
սեզոնային օրացույց.
այն ցույց է տալիս մեկ տարվա ընթացքում համայնքում տեղի ունեցած աղետները, վտանգավոր երևույթները, դրանց ազդեցությունը, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունը, սոցիալ-տնտեսական փոփոխությունները, հիվանդությունների բռնկման ժամանակահատվածները և այլն:
հաստատութենական աղյուսակ.
այս գործիքի նպատակն է բացահայտել և դասակարգել համայնքի զարգացման և սոցիալական կյանքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեցող/ունեցած կառավարական և ոչ կառավարական շահագրգիռ կողմերին, խմբերին և անհատներին, մասնավորապես նրանց, ովքեր նախաձեռնել են երեխայազգայուն ծրագրեր, ներառված են դրանց մեջ և ի կատար են ածում դրանք (առանձնահատուկ ուշադրություն է դաձվում հաշմանդամություն ունեցող երեխաներին):

Սեմինարին հաջորդեց ՏՄՌԿ կիրառական ուղեցույցի փորձարկումը մայիս-հունիս ամիսներին Խաշթառակ և Գետահովիտ համայնքներում: Այն օգնեց և հետագայում էլ կօգնի համայնքների դիմակայունության թիմերին բացահայտել, գնահատել և դասակարգել բնական վտանգները, խոցելիությունը և կարողությունները, բարձրացնել բնակչության իրազեկվածությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում և դասընթացներ անցկացնել վերոհիշյալ թեմայով, մշակել և իրականացնել աղետների նվազեցման փոքր ծրագրեր և կլիմայական հարմարվողականության չափորոշիչներ, ներառել ԱՌՆ միջոցառումները համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մեջ, ինչպես նաև իրականացնել, մշտադիտարել և գնահատել ԱՌՆ միջոցառումները: Երկու համայնքների դիմակայունության թիմերն էլ ուսումնասիրության արդյունքում բացահայտեցին մի շարք ԱՌՆ խնդիրներ, այդ թվում՝
20170524_120634

• Գետահովիտ համայնքը տեղակայված է սողանքային գոտում, և սողանքը հանդիսանում է հիմնական վտանգը,
• Երկու համայնքում էլ ուժեղ անձրևներից առաջացած ջրային հոսքը լվանում է ճանապահների գրունտային ծածկը՝ էլ ավելի անմխիթար դարձնելով այն,
• Գետահովիտ համայնքում ջրահեռացման համակարգը կիսակառույց է և չի գործում,
• Գետահովիտ համայնքում կան հենապատերի խնդիրներ,
• Գետահովիտ համայնքի դպրոցը գտնվում է քարաթափման վտանգի գոտում, նկատվում է մասնագիտական ուսումնասիրության կարիք և այլն։

Համայնքների դիմակայունության թիմերը քննարկեցին և բացահայտեցին՝
1. ԱՌՆ հիմնական մոտեցումները՝ ըստ համայնքի զարգացման ոլորտների (կրթություն, առողջապահություն, շրջակա միջավայր, գյուղատնտեսություն, տնային տնտեսություն, աշխատանքի ապահովվածություն, ջրի պաշարներ և սանիտացիա, տեղական կառավարում և այլն),
2. Ինչ ազդեցություն ունի ոլորտային զարգացումը առկա ռիսկերի վրա: Գնահատումը օգնեց նրանց բացահայտել ոլորտային լուծումների փոխադարձ կապն ու առաջնահերթությունը, քննարկվեց նաև համապատասխան ոլորտներում ԱՌՆ միջոցառումների ներդրման համար անհրաժեշտ բյուջեի հատկացման հարցը: Հատուկ ուշադրություն է դարձվել, որ նախատեսված ԱՌՆ միջոցառումների արդյունքներից հավասարապես օգտվեն բոլորը, հատկապես՝ կանայք, երեխաները, մեծահասակները և հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող անձինք:

Հաշվի առնելով երեխայազգայուն ՏՄՌԿ-ի կիրառական ուղեցույցի կիրառման հետ կապված խնդիրները, որոնք ի հայտ եկան փորձարկման ժամանակ, վերոնշյալ ծրագրի փորձագետները ներկայումս լրամշակում են մեթոդաբանությունը և վերջինիս կիրառական ուղեցույցը՝ դրանք վերջնականացնելու և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաստատմանը ներկայացնելու նպատակով: