IMG_6963

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ»

Հուլիսի 11-12, 2017թ։ Կապան համայնքում Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանի մշակում» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն էր ներկայացնել ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը, մշակել նշված պլանը Կապան համայնքի համար և այս համատեքստում ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների տեղեկացվածությունը և պատշաճ ներգրավվածությունը այս գործընթացում։
Դասընթացը կազմակերպել էին ԱՌՆԱՊ հիմնադրամը, ՄԱԶԾ-ն և ՀՀ ԱԻՆ-ը։

Դասընթացին մասնակցում էին Կապանի համայնքային դիմակայունության թիմը, ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, Սյունիքի մարզային ԱՌՆ թիմից և մարզային փրկարարական վարչությունից, Կապանի քաղաքապետարանից, Կապանի մի շարք ուսումնական և բժշկական հաստատություններից, բիզնես հատվածից, ՀՀ ԱԻՆ-ից, ՄԱԶԾ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից ։

ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը և ՄԱԶԾ փորձագետը միջոցառման նպատակը, ակնկալվող արդյունքները և դասընթացի անցկացման ձևաչափը ներկայացնելուց հետո անդրադարձան պլանի ընդհանուր բնութագրին և համայնքի համար վերջինիս կարևորությանը։ Այնուհետև հրահանգիչները ներկայացրին ԱՌՆ և ԱԻ պլանը՝ ըստ հավելվածների և բաժինների։ Ծավալվեց ակտիվ քննարկում ներկայացվածի վերաբերյալ, որի արդյունքում մասնակիցները ավելի լավ պատկերացրին պլանի էությունը և հանդես եկան մի շարք առաջարկություններով` որոշ հավելվածներում փոփոխություններ, ավելացումներ անելու վերաբերյալ։ Առաջարկությունները հավաքագրվել են ԱՌՆԱՊ հիմնադրամի աշխատակիցների կողմից, դրանք կքննարկվեն փորձագիտական խմբի կողմից և անհարժեշտության դեպքում կներառվեն պլանում։

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
.
Աշխատանքային երկրորդ օրը նախատեսված էր գործնական աշխատանք իրականացնելուն՝ գործնականում հավելվածների լրացման մեխանիզմները և սկզբունքները սովորելու նպատակով։ Մասնակիցները՝ երկու աշխատանքային խմբերի բաժանված, իրենց հասանելի տեղեկատվության սահմաններում միմյանց փոխլրացնելով, կազմեցին «Կապան համայնքի ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը»։
Մասնակիցները շեշտեցին, որ կարևորում են պլանի մշակման գործընթացին մեծ թվով և՛ պետական, և՛ հասարակական, և՛ բիզնես հատվածից կազմակերպությունների ներգրավվածությունը, քանի որ այն թիմային աշխատանքի ընթացքում համագործակցության հարթակ ձևավորելու հնարավորություն ընձեռեց:

Երկօրյա դասընթացը եզրափակվեց արդյունքների ամփոփմամբ, որի ժամանակ մասնակիցները եկան հետևյալ եզրակացությունների՝
• աղետների ռիսկի նվազեցումը ոչ միայն մարզպետարանի, քաղաքապետարանի և ԱԻՆ-ի, այլև յուրաքանչյուր կազմակերպության խնդիրն է՝ անկախ գործունեության ոլորտից և իրավական կարգավիճակից,
• համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներին սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի բնակչության կողմից ճիշտ վարքականոնների դրսևորմանը, ինչպես նաև աղետակայուն համայնքի կառուցմանը:

Դասընթացի ավարտին որոշվեց մինչև ս/թ հուլիսի 21-ը լրամշակել ու ճշգրտել «ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը» և վերջնական տեսքի բերված նյութը ուղարկել դասընթացը վարող հրահանգիչներին, ովքեր կստուգեն պլանը և կամբողջացնեն։

Ամբողջացված պլանի տվյալների հիման վրա կկազմվի ուսումնավարժության սցենար, իսկ ուսունավարժանքը կիրականացվի հաջորդ ամիս։
Լուսանկարները՝ այստեղ։