Group photo

ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (GIS) ԵՎ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Հուլիս 17-21, 2017թ։ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ դասընթաց՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) և հեռահար զոնդավորում» թեմայով, որի նպատակն էր ArcGIS 10.1 ծրագրի վերաբերյալ կիրառական հմտություններ տալ մասնակիցներին, որպեսզի վերջիններս աջակցեն տարբեր տեսակի տարածաժամանակային խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ հատուկ շեշտադրմամբ ԱՏՀ-ի օգտագործումը աղետների ռիսկի կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնման համար:

Դասընթացը կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից` ՀԱՀ-ի Հակոբեան բնապահպանական կենտրոնի «ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիա»-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) հետ համագործակցությամբ:

Դասընթացը իրականացվեց Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ դասընթացի անհրաժեշտությունը բացահայտվել էր վերոնշյալ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղեկացրին, որ տարածաշրջանում քիչ են GIS մասնագետները, և հանդես եկան խնդրանք-առաջարկով՝ հնարավորության դեպքում կազմակերպել GIS դասընթաց իրենց ներկայացուցիչների համար, որը հնարավորություն կտա աշխատել աղետների ռիսկի կառավարման ոլորտի թվայնացված տվյալների հետ: Հարկ է նշել նաև, որ GIS ծրագիրը կարելի է օգտագործել այլ ոլորտներում խնդիրներ լուծելու համար նույպես։

Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ից, ՀՀ Սյունիքի մարզպետարանից, Կապանի և Ստեփանավանի համայնքապետարաններից, ՀՀ ԱԻՆ Սյունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններից, «Ստեփանավանի «ԼոռԷ փրկարար ջոկատ» ՀԿ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից:

Դասընթացը նախնական և միջին մակարդակի գիտելիքներ տրամադրեց ԱՏՀ-ի վերաբերյալ։ Հինգօրյա դասընթացի ընթացքում Հակոբեան բնապահպանական կենտրոնի մասնագետները մասնակիցներին տրամադրեցին ArcGIS 10.1 ծրագիրը գործնականում կիրառելու համար անհրաժեշտ հիմքային գիտելիքներ։ Ըստ նախատեսվածի՝ 2 գործնական աշխատանք իրականացվեց, որոնց միջոցով մասնագետները ստուգեցին մատուցված տեղեկատվության յուրացվածության մակարդակը։

Դասընթացի վերջում մասնակիցները՝
– Կարողանում էին պատրաստել քարտեզներ, դրանց ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխան (մասշտաբ, պայմանական նշաններ, հյուսիսի նշան, վերնագիր, քարտեզի հեղինակ)
– Տիրապետում էին ճիշտ քարտզագրում իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներին, մասնավորապես՝
1. տվյալների կառավարում, տարածական-աղյուսակային տվյալների փոխազդեցությունները ԱՏՀ համակարգում,
2. տարածական տվյալների վերլուծություն, քարտեզի դիզայն, քարտեզագրական, աղյուսակային, գրաֆիկական և այլ տվյալների օգտագործում,
3. ռաստրային վերլուծություններ, կոորդինատային համակարգեր,
4. հեռահար զոնդավորման հիմնական սկզբունքներ:

Մասնակիցները նաև ներկայացրին զեկույցներ՝ որ ոլորտներում են կիրառելու իրենց ստացած գիտելիքները։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց մեկուկես ամիս ժամանակ՝ իրենց գործունեության ոլորտին համապատասխան քարտեզներ կազմելու համար, և միայն դրանից հետո նրանք կստանան վկայականներ։

Լուսանկարները՝ այստեղ։