IMG_8163

Ուսումնավարժանք Կապան համայնքում

15-17 օգոստոսի 2017թ։ ՄԱԶԾ կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Կապան համայնքում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) արձագանքման գործընթացը Կապան համայնքում» խորագրով ուսումնավարժանքը։

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՍՑԵՆԱՐԸ.
Կապան քաղաքում օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով 10։23-ին, տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ LAT 39.193315°; LONG 46.281345°, օջախի խորությունը 15 կմ է։ Նախնական տվյալները անմիջական էպիկենտրոնից ստացվում են անընդհատ ռեժիմով, այս պահին իրականացվում է վնասի ծավալների ու աստիճանի գնահատում, որը ավելի ու ավելի է դժվարանում տեղեկատվության հասանելիության և կապի խիստ սահմանափակ լինելու պատճառով։ Կապանում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Երկրաշարժի պատճառով վնասվել է Գեղիի ջրամբարը, ինչը, ըստ նախնական տվյալների, հանգեցրել է ջրամբարում կուտակված ջրային պաշարների հոսքի՝ Կապան քաղաքի ուղղությամբ։ Երկրաշարժի և դրա հետևանքների արդյունքում Արծվանիկի պոչամբարում առկա է պատվարի խոցման որոշակի հավանականություն։
Սցենարը ամբողջությամբ՝ այստեղ։

Ուսումնավարժանքի հիմնական նպատակն էր նախօրոք հաստատված սցենարով փորձարկել համայնքի ԱՌՆ և ԱԻ գործելու պլանի նախագիծը, ինչպես նաև ԱԻ-ում քաղաքապետարանի և այլ կառույցների միջև համագործակցության մեխանիզմներն ու կարողությունները։

Վարժանքը կազմակերպել էին «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, ՄԱԶԾ-ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Կապանի համայնքապետարանը։ Վարժանքին մասնակցում էր Կապանում գործունեություն ծավալող մոտ երկու տասնյակ կազմակերպություն։

Օգոստոսի 15-ին իրականացվեցին ուսումնավարժանքի նախապատրաստական աշխատանքները։ Կապանի համայնքապետի գլխավորությամբ անցկացվեց հավաք՝ վարժանքի մասնակից բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նպատակն էր ներկայացնել՝ ինչ է իրականացվելու, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։

Օգոստոսի 16-ին իրականացվեց բուն ուսումնավարժանքը։ Խաղարկվեց մոտ 20 միջանկյալ (միջանկյալների մասին տես՝ այստեղ), որոնց ընթացքում համագործակցության և փոխօգնության ոլորտում բազմաթիվ բացեր բացահայտվեցին: Դրանք հավաքագրվեցին և կօգտագործվեն համայնքի ԱՌՆ և ԱԻ պլանը ճշգրտելու և լրամշակելու ժամանակ։ Վերջինիս ճշգրտված տարբերակը ունենալուց հետո մասնակից կազմակերպությունները նույնպես կմշակեն իրենց կազմակերպությունների՝ համայնքի ԱՌՆ և ԱԻ պլանից բխող պլանները։

Օգստոսի 17-ին խաղարկվեց գործնական 3 միջանկյալ։
Առաջին միջանկյալը երկրաշարժի ժամանակ մանկապարտեզի երեխաների և անձնակազմի տարհանումն էր։

Երկրորդը երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքում տարբեր մարմնական վնասվածքներ ստացած և շենքի վերին հարկերում ծուղակում հայտնված բնակչության դուրսբերումն էր պարանների օգնությամբ։ Այս միջանկյալի ընթացքում ստուգվեցին Կապանի քաղաքային որոնողափրկարարական թիմի (INSARAG) կարողությունները, մասնավորապես՝ տուժած բնակչությանը առաջին օգնություն ցուցաբերելու կարողությունը։

Երրորդ միջանկյալում խաղարկվեց 10 տոննա ամոնիակ տեղափոխող տրաստպորտային միջոցի վթար։ Վթարի հետևանքով ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Դեպքին արձագանքեց Կապանի ՀՓՋ անձնակազմը, որը վերը նշված ծրագրի շրջանակներում վերապատրաստվել էր քիմիական, կենսաբանական և ռադիացիոն ազդեցություն ունեցող նմանատիպ դեպքերին արձագանքելու ուղղությամբ։ Մասնագետները հետախուզեցին դեպքի վայրը, օգտագործեցին «էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիքը» (FEAT)՝ պարզելու համար նման քանակի ամոնիակի արտահոսքի դեպքում մարդու կյանքին և առողջությանը սպառնացող հեռավորությունները, կազմակերպեցին վտանգավոր տարածքից բնակչության տարհանում և միաժամանակ ջրային վարագույրով պատեցին ամոնիակ տեղափոխող տրասպորտային միջոցը՝ կանխելով ամոնիակի գազի տարածումը մթնոլորտում։

Ուսումնավարժության արդյունքերը դեռ մշակման փուլում են։ Օգոստոսի վերջին կկազմակերպվի սեմինար, որի ընթացում կներկայացվեն դրանք։

Լուսանկարները այստեղ։