IMG_8510

Հանդիպում Կապանի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ

18 օգոստոսի 2017թ։ Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում-հանդիպում, որին մասնակցում էին համայնքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Կապանի քաղաքապետարանին կից Երիտասարդական խորհրդի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները:

Նպատակն էր՝
– ներկայացնել ՄԱԶԾ-ի կողմից սեպտեմբերին մեկնարկվող ծրագիրը,
– պարզել՝ արդյոք Կապանում իրականացվել են այդ ծրագրի դրույթներին համապատասխան աշխատանքներ,
– ծանոթանալ երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների մտահղացումներին՝ դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ աջակցությունը հետագայում ցուցաբերելու նպատակով։

ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապան համայնքում ստեղծել «Երիտասարդական կենտրոն», որը կզարգանա 3 ուղղությամբ՝
• ինովացիոն տեխնոլոգիաների փորձի տեղայնացում,
• ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր պայմանների ստեղծում,
• կամավորական արագ արձագանքման թիմերի ձևավորում:

Երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանը տեղեկացրեց, որ խորհուրդը Վորլդ Վիժնի շահերի պաշտպանության խմբի հետ համատեղ ձեռնամուխ է եղել Կապան քաղաքի երիտասարդական ռազմավարության մշակմանը: Ընտրվել են ռազմավարական 5 ուղղություններ՝ մշակույթ, առողջ ապրելակերպ, զբաղվածություն, կրթություն և քաղաքացիական ակտիվություն: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ:

Վորլդ Վիժնի ներկայացուցիչ Լուսինե Սարուխանյանն իր հերթին ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք առնչություն ունեն քննարկվող թեմաների հետ: Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը, ամփոփելով քննարկումը, հորդորեց բոլոր կառույցների ներկայացուցիչներին սերտ համագործակցել և հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել երիտասարդական ռազմավարությունը:

Լուսանկարները՝ այստեղ։