21271278_1923623681230563_4815941635958467245_n

Կայացավ «ArmSecurity-2017» միջազգային ցուցահանդեսը

02-04 սեպտեմբեր, 2017թ․։ Տեղի ունեցավ «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների եռօրյա միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով։

Նպատակն էր ստեղծել համագործակցության նոր հարթակ, ներգրավել նոր գործընկերների ԱՌՆ և ԱԻ ոլորտներ, ցույց տալ ինովացիոն մոտեցումներ, տեխնիկաներ, որոնք կարելի է օգտագործել վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև ներկայացնել վերջին տարիների իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը․
-Հուսով եմ, որ ցուցահանդեսի բարենպաստ գործարար միջավայրը լավագույն հարթակ կդառնա՝ փրկարարության ասպարեզում ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, փոխանակելու արժեքավոր փորձը ու հաստատելու նոր և հեռանկարային կապեր՝ սկիզբ դնելով հետագա համագործակցության։

Ցուցահանդեսի շրջանակներում 3 տասնյակից ավել հայկական, արտասահմանյան և միջազգային կազմակերպություններ ներկայացրեցին ԱՌՆ և ԱԻ ոլորտում օգտագործվող համակարգեր ու տեխնոլոգիաներ, գրականություն (ուսուցողական՝ տեքստային և խաղային, տեսանյութեր, մուլտֆիլմեր, ուսումնասիրություններ, ֆոտո-հաշվետվություններ և այլն), ինչպես նաև փրկարարական, հրդեհային անվտանգության, բուժօգնության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում ցուցահանդեսին մասնակցեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան ներկայացուցչությունը, ՕքսԵՋեն և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամները և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Հայաստանը։

Ներկայացվեց հիմնականում վերջին տարիներին Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորված և ԱՌՆԱՊ գործընկերների կողմից իրականացված ծրագրերի արդյունքները։

Ներկայացվեց գրականություն՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար։ Հյուրերի ուշադրությունը գրավեցին հատկապես ՄԱԶԾ-ի և ՀԿԽԸ-ի ԱՌՆ շարժական գրադարանները, ՀԿԽԸ-ի «Անվտանգ ընտանիք» ձեռնարկը, ՄԱԶԾ-ՃԿՊԱ-ԱՌՆԱՊ համագործակցության շրջանակներում մանկապարտեզի երեխաների համար նախատեսված ԱՌՆ տարատեսակ ուսուցողական խաղերը (փազլներ, նկարչական ալբոմներ և այլն), ՕքսԵՋեն հիմնադրամի և Սեյվ դը Չիլդրնի կողմից ստեղծված ԱՌՆ ուսուցողական մուլֆիլմերը և անիմացիոն տեսահոլովակները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Մաքուր ծննդաբերության փաթեթը», Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից հրատարակված արևային ջրատաքացուցիչների վերաբերյալ բրոշուրը և այլն։

Ներկայացվեց նաև կարկտապաշտպան ցանցը, խոսվեց դրա արդյունավետության և ձեռք բերելու հնարավորությունների մասին։ ՄԱԶԾ-ԱՌՆԱՊ-ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ ԲԱՆԿ համագործակցության շրջանակներում ՄԱԶԾ-ի կողմից Հայաստան է ներկրվում իտալական Պադանո կազմակերպության կողմից արտադրված հակակարկտային ցանցը, ԱՌՆԱՊ հիմնադրամը իրականացնում է դրա պահեստավորման, տեղադրման և խորհրդատվության տրամադրման աշխատանքները, իսկ բանկը տրամադրում է գյուղատնեսական վարկեր ֆերմերներին։

Ըստ կազմակերպիչների՝ այս ցուցահանդեսին հուրընկալվել են միջինը 1000-1200 մարդ։ Ցուցահանդեսի ավարտին մասնակից կազմակերպությունները ստացան մասնակցության վկայագրեր։

Լուսանկարները՝ այստեղ։