IMG_9021

«ԱՌՆ կրթության հիմնահարցերի» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը ԱՌՆԱՊ շրջանակներում

07 սեպտեմբերի 2017թ.։ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում գործող «ԱՌՆ կրթության հիմնահարցերի» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակից, Առողջության և կրթության հայկական կենտրոնի «Ապագա» հոգեբանական ծառայությունից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, ՕքսԵՋեն հիմնադրամից, «Մեդիակրթության կենտրոն» ՀԿ-ից և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամից։

Նպատակն էր քննարկել օրակարգային մի շարք հարցեր:
1. Առաջինը քննարկվեց «Կրթության ազգային կրթակարգի» նախագծում ԱՌՆ-ի ներառման հարցը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ պրն. Մելքոնյանը հայտնեց, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվել է կարիքների գնահատում, և բացահայտվել է՝ ինչ բարեփոխումների կարիք կա կրթության բնագավառում: Գնահատման արդյունքների հիման վրա մշակվել է Ազգային կրթակարգը:
Պրն. Մելքոնյանը ներկայացրեց կրթակարգի 9-րդ բնագավառը (ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն), որը նպատակաուղղված է առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, կենցաղային վտանգավոր և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, հայրենասեր, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձևավորման հիմքերի ապահովմանը։
Կրթակարգը դեռ մշակման փուլում է։

2. Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ պրն. Ստեփանյանը հակիրճ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի ԱՌԿ ռազմավարության» նախագիծը։
Նա նշեց, որ անհարժեշտ է իրականացնել ԱՌԿ-ի՝ տարբեր առարկաների մեջ ներառված լինելու մոնիթորինգ և ապահովել ԱՌԿ ոլորտում ուսումնական ծրագիր-դասագիրք-ուսուցման և նյութի մատուցման մեխանիզմներ տրամաբանական շղթայի ստեղծումը։ Վերը նշվածները իրականացնելու համար Կրթության ազգային ինստիտուտը կմշակի դասագրքերի տեխնիկական և հոգեբանական-առարկայական պահանջներ։

3. Օրակարգի երրորդ հարցը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության կողմից մշակվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ԱՌՆ և ԱԻ գործելու պլանի նախագծի քննարկումն էր: Վերոհիշյալ վարչության աշխատակից Հ. Հովհաննիսյանը նշեց, որ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը սկսել են մշակել դպրոցնրում ԱՌՆ և ԱԻ գործելու պլանի ներդրմանը զուգընթաց և վերջինիս բացահայտված թերությունները փորձել են շտկել ՆՈՒՀ-երի ԱՌՆ և ԱԻ պլանի մշակման գործընթացում: Պլանը բաղկացած է հավելվածներից, որոնցից յուրաքանչյուրում առկա է նկարագրական մաս՝ տվյալ հավելվածը համապատասխան պահանջների համաձայն մշակելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև STEM կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, ով ներկայացրեց իրենց գործունեությունը: STEM կենտրոնի առաքելությունն է նպաստել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, պայքարել ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվել վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից: Պարոն Բաղյանն առաջարկեց օժանդակել ԱՌՆԱՊ գործընկերներին՝ հանրային իրազեկում իրականացնելու հարցում: Գործընկերները ողջունեցին համագործակցության գաղափարը:

Հանդիպման արդյունքում որոշվեց շրջանառել ներկայացված փաստաթղթերը և ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակել դրանք:

Լուսանկարները՝ այստեղ։