glxavor

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 27, 2017թ․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) կայացավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստ:

Նիստի նպատակն էր ընտրել հոգաբարձուների խորհրդի նախագահ և քարտուղար, ներկայացնել հիմնադրամի գործունեությունը, քննարկել ԱՌՆԱՊ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխության ենթակա կետերը և հիմնադրամի տնօրենի ընտրության ընթացակարգի հարցերը:

ԱՌՆԱՊ հոգաբարձուների խորհուրդը կազմված է ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության և գիտության, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև՝ ՀՀ ԿԱ ոստիկանության և քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներից:

Քվեարկության արդյունքում միաձայն որոշում ընդունվեց ԱՌՆԱՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին, իսկ ՀԽ-ի քարտուղար վերընտրվեց ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը:

Այնուհետև՝
• ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը ներկայացրեց պլատֆորմի ընդհանուր գործունեությունը և կառուցվածքային սխեման։
• Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյան ներկայացրեց ԱՌՆԱՊ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, իսկ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ընտրության ընթացակարգը, որոնք խորհրդի կողմից հաստատվեցին։

Ամփոփելով նիստը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց, որ ԱՌՆԱՊ-ի գործունեությունը մեծապես կարևոր է աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հույս հայտնելով, որ սպասումները կարդարացվեն:

ԱՌՆԱՊ հիմնադրամը ստեղծվել է 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ (2010 թ. դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշում), որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնումը` բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ:

Լուսանկարները՝ այստեղ։