Դեկտեմբերի 18, 2017թ․ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) , «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագիրը, քննարկել և համաձայնեցնել ծրագրի այն ուղղությունները, որոնք նախատեսվում են իրականացնել Կապան քաղաքում, ինչպես նաև պլանավորել հետագա անելիքները։
ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը փաստեց, որ նախորդ տարիներին համայնքի հետ ձևավորած հաջող համագործակցությունն է պատճառներից մեկը, որ այս նոր մեկնարկած ծրագրի թիրախ համայնքերից մեկը կրկին Կապանն է, որից հետո ամփոփ ներկայացվեց ծրագիրը։
Ավելի մանրամասն ներկայացվեց և քննարկվեց Կապանում «Համայնքային երիտասարդական կենտրոն» ստեղծելու բաղադրիչը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նորարարական երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները կկարողանան զբաղվել ռոբոտաշինությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացնել նկարահանումներ, նկարահանված ինֆորմացիան տեղափոխել համակարգիչ և կազմել GIS հենքի քարտեզներ, ինչպես նաև ստեղծել անօդաչու թռչող սարքերի պարզագույն մոդելներ և այլն։
Գաղափարը կյաքի կոչելու համար քննարկվեց նաև տեղի ընտրության հարցը։ Հանդիպումը ավարտվեց համայնքապետարանի կողմից նորարարական երիտասարդական կենտրոնի հիմնման համար առաջարկվող տարածքի ուսումնասիրությամբ։
Նշենք նաև, որ վերոնշյալ ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։