IMG_2785

ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում ստեղծվում է առաջին օգնության թեմատիկ խումբ

Հուրվարի 17, 2018թ։ Տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր քննարկել, հստակեցնել և վերջնականացնել ԱՌՆ ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում ստեղծվող առաջին օգնության (ԱՕ) թեմատիկ խմբի տեխնիկական առաջադրանքը և հաստատել թիմի կազմը։

ԱՕ թեմատիկ խումբը օժանդակելու է Հայաստանում ԱՕ ոլորտի առկա խնդիրների լուծմանը ոլորտային կազմակերպությունների ջանքերը միավորելով։

Ոլորտային կազմակերպությունների ջանքերը միավորելու և մեկ հարթակում քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը ծագել է մի շարք հանգամանքներից ելնելով, մասնավորապես՝ Հայաստանում առաջին օգնության դասընթացներ իրականացնում են մի շարք կազմակերպություններ, որոնց կողմից դասավանդվող նյութերը հաճախ տարբերվում են իրենց բովանդակությամբ, մոտեցումներով և մատուցման ձևով, իսկ տեխնիկական միջոցները միշտ չէ, որ բավարարում են գործնական հմտությունների ձեռքբերման համար անհրաժեշտ պահանջներին: Որպես հետևանք, ոլորտում առկա են որոշակի ռիսկեր՝ կապված ԱՕ վերապատրաստում անցած անձի կողմից տուժածի կյաքին և առողջությանը վնաս հասցնելու կամ ցուցաբերված ԱՕ որակի հետ և այլն։

Իսկ վերոնշյալ ռիսկերը նվազեցնելու լավագույն ճանապահներից մեկը ոլորտի կանոնակարգումն է, որի համար անհրաժեշտ է ստեղծել/մշակել առաջին օգնության միջազգային չափանիշներին համապատասխան ազգային միասնական չափանիշեր, ինչպես նաև ձեռնամուխ լինել ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը։

ԱՌՆԱՊ հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորող Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն) պատրաստակամ են աջակցել ոլորտը կանոնակարգելու գործընթացներին։

Թեմատիկ խմբի հաջորդ հանդիպում նախատեսվում է իրականացնել փետրվարի 5-9-ը ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող քայլերը։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ԱՌՆԱՊ, ՄԱԿ-ի մանկական և ՕքսԵՋեն հիմնադրամներից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից, Շտապ օգնության ծառայությունից, Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակից, ԼոռԷ փրկարար ջոկատից, ինչպես նաև անկախ ԱՕ փորձագետներ։