IMG_3576

Ինովացիոն մոտեցումներ ԱՌՆ ոլորտում

IMG_3557 Փետրվարի 8, 2018թ․: «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորող Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն) ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։

Սարքը արտադրել է իտալական IDS (Ingegneria Dei Sistemi) ընկերությունը: IDS-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը Shaula International LLC խորհրդատվական ընկերությունն է։ Shaula International-ը խորհրդատվական հայկական ընկերություն է, որը հիմնադրվել է իտալացի փորձագետների կողմից։ Ընկերության գործունեության հիմնական նպատակը Իտալիայում և Եվրոպայում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների և բիզնես հնարավորությունների զարգացումն է։

IDS Colibrì կոչվող այս փոքր անօդաչու թռչող սարքը հատուկ նախագծված է արտակարգ իրավիճակներում աշխատանքներ ծավալելու՝ մասնավորապես օդային տարածքի ուսումնասիրություն և քարտեզագրում իրականացնելու համար։ Սարքի ֆունկցիոնալ կարողությունները, ինչպես նաև դիմացկունությունն արդեն իսկ փորձարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում գործող բազմաթիվ պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում Իտալիայի ոստիկանության և Իտալական Կարմիր Խաչի կողմից։

Անօդաչու թռչող սարքը ձեռք է բերվել հետևյալ նպատակներով․
• զարգացնել ԱՌՆԱՊ հիմնադրամի անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով ծառայություններ մատուցելու կարողությունները, մասնավորապես՝ փրկարարական հետախուզական աշխատանքներում, ռիսկերի մոդելավորման, քաղաքաշինության և այլ ոլորտներում։IMG_3542
• Զարգացնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունները կրթության տեսանկյունից, մասնավորապես՝ ուսանողներին սովորեցնել կիրառել անօդաչու թռչող սարքեր, իրականացնել վտանգավոր տարածքների նկարահանումներ, ռիսկերի մոդելավորում իրականացնել և այլն։

Սարքը կիրառվելու է նաև վերոնշյալ ծրագրի իրականացման թիրախ հանդիսացող Ստեփանավան և Կապան համայնքների երիտասարդական նորարարական կենտրոններում՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին գործնականում կիրառել անօդաչու թռչող սարքեր։

Վերոնշյալ համայնքների երիտասարդական նորարարական կենտրոններում ստեղծվելու են նաև ռոբոտաշինության լաբորատորիաներ, որտեղ երիտասարդները կսովորեն նաև ստեղծել անօդաչու թռչող սարքեր։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չկա անօդաչու թռչող սարքերի կիրառման հետ կապված իրավական կարգավորում, կմշակվի համապատասխան օրենսդրական փաթեթ և կներկայացվի կառավարություն հաստատման:

Վաղը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այցի շրջանակներում փրկարարական տեխնիկաների շարքում գործնականում կցուցադրվի նաև վերոնշյալը։
IMG_3551