IMG_3795

ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՆԴԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

2015թ. Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային 3-րդ համաժողովի ժամանակ ընդունվեց Սենդայի ԱՌՆ 2015-2030թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ), որը հիմք ընդունելով մշակվեց և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: 2017թ. ապրիլին ԱՌԿ ռազմավարությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:

Սենդայի գործողությունների ծրագրի և ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրումն ապահովելու նպատակով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջնորդությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ ներկայումս մշակվում են Հայաստանի ԱՌԿ ազգային ռազմավարության և Հայաստանում Սենդայի շրջանակի իրականացման մոնիթորինգի չափորոշիչները:

Փետրվարի 10-11-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ մոնիթորինգի չափորոշիչների մշակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Դրանք մշակվում են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից:

Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ: