IMG_4340

Կապանի մանկապարտեզներում փորձարկվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանի» նախագիծը

Փետրվարի 26-մարտի 3, 2018թ․։ Փորձարկվեց Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի» նախագիծը։

Այս անգամ փորձնական կիրառումը իրականացվեց Կապան համայնքի թիվ 1, 4 և 9-ը ՆՈՒՀ-երում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Գործընթացի նպատակն էր բացահայտել ՆՈՒՀ-ի ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները, բացթողումները և այդ բացահայտումները հաշվի առնելով վերջնականացնել այն։

Որպեսզի բացահայտվի նաև պլանի մատչելիությունը, ամբողջ պլանը մշակվեց ՆՈՒՀ-ի անձնակազմի կողմից և միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները տրամադրեցին խորհրդատվություն։

Նախադպրոցական ուսումնական հաստատության Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է ՆՈՒՀ-ին սպառնացող աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի անընդհատության ու շարունակականության ապահովմանը:

Պլանի փորձարկումից բացի, յուրաքանչյուր ՆՈՒՀ-ում իրականացվեցին տարահանման վարժանքեր, որի ընթացքում ճշգրտվեցին տարահանման հիմնական և պահուստային ուղիները։ Եվ վերջում, ՄԱԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ ՆՈՒՀ-րում փակցվեցին տարահանման սխեմաները և պայմանական նշանները։

Փորձարկման արդյունքում բացահայտվեց, ինչպես նաև առաջարկվեցին հետևյալները․
• Քանի որ, ՆՈՒՀ-ը չունի սեփական բյուջե և ֆինանսավորվում է համայնքապետարանի կողմից, քննարկման արդյունքում որոշվեց առաջարկվող ԱՌԿ լուծումները դասակարգել երկու խմբի․ ԱՌԿ լուծումներ, որոնք ՆՈՒՀ-ը կարող է լուծել առանց համայնքապետարանի աջակցության և լուծումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են ՆՈՒՀ-ին, բայց դրանց իրականացումը պետք է ապահովի համայնքապետարանը։
• Պլանի նախագծում ավելացնել լուծումների և գերակայությունների սահմանման մեթոդը, որը ՆՈՒՀ-ին հնարավորություն կտա սահմանել լուծումները ըստ առաջնահերթության։
• Պլանում ավելացնել դեպի մանկապարտեզ և մանկապարտեզից երեխաներին տուն տանող անվտանգ ուղիների սխեմատիկ քարտեզ։
• և այլ։

Գործընթացում ներգրավված էին ներկայացուցիչներ ՆՈՒՀ-երից, դպրոցներից, ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից, համայնքապետարանից, ՄԱԶԾ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, բիզնես սեկտորից, ինչպես նաև ուսանողներ։