1445502073-2754

Եվրոմիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիր

Հայաստանում Եվրոմիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը, որը գործարկվել է ս.թ. փետրվարի 1-ից իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի ու Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևավորման, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանավորման և իրականացման ժամանակակից գործընթացների՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի երկրների փորձի և լավագույն գործելակերպի փոխառման և տեղայնացման միջոցով: Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՊՄԳ պահանջը թելադրված է ապահովելու երկուստեք համագործակցության հնարավորությունների զարգացում՝ ի նպաստ համայնքների դիմակայունության բարձրացման: Ծրագրում, ռիսկային մարտահրավերներից, որպես հիմնական վտանգ, դիտարկվում է ջրհեղեղը, որը կարող է առաջանալ երկրաշարժի հետևանքով ջրամբարների (կամ) պատվարների վթարից և առաջացնել ջրի մեծ արտահոսք դեպի բնակավայրեր և հատկապես, այդ տարածքում գտնվող պոչամբարներ: Ծրագիրը նպատակ ունի մեղմելու մարդկանց և շրջակա միջավայրին սպառնացող այդ ռիսկերը: Մարդկանց սպառնացող ուղղակի ռիսկից բացի առկա է նաև աղտոտման ռիսկը, որը ջրհեղեղի պարագայում առաջանում է հանքարդյունաբերական օբյեկտներ ունեցող տարածքներում (պոչամբարներ և այլն):

Ծրագրի թիրախ են ընտրվել Սյունիքի և Լոռվա մարզերի հետևյալ օբյեկտները և դրանց վտանգին ենթակա համայնքները.
– Որոտանի կասկադի ջրամբարների հնարավոր ջրածածկման համայնքները,
– Կապան քաղաքը, որը Գեղիի ջրամբարի պատվարների փլուզման հետևանքով կջրածածկի քաղաքի տարածքը,
– Արծվանիկի և Գեղանուշի պոչամբարները, որոնց պատվարների փլուզման դեպքում կառաջանա արտահոսք դեպի բնակելի տարածքները, կփակվի Ողջի գետի հունը և ջրի բարձրացման հետևանքով կառաջանա համայնքների ջրածածկում,
– Ախթալայի պոչամբարները, որոնց պատվարների վթարի դեպքում կվտանգվի Դեբեդ գետի ջուրը և վտանգի տակ կհայտնվի ոչ միայն քաղաքը, այլ նաև Դեբեդ գետի երկայնքով տեղակայված բնակավայրերը: