IMG_6412

Հզորացվում է արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման ազգային կարողությունները

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի բաղադրիչներից մեկն արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման ազգային կարողությունների զարգացումն է:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից և իրականացվում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի անմիջական մասնակցությամբ:

Հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության (ԱՀԱ) տրամադրման կարողությունները՝ ստեղծելով արտակարգ իրավիճակներում ԱՀԱ տրամադրող մասնագետների պակասը լրացնող, ոլորտը կանոնակարգող, առկա ռեսուրսները մոբիլիզացնող գործուն մեխանիզմներ և ներդնել դրանք։

Ս.թ. մայիսի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, տարբեր ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական կենտրոններից և ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկերներ կազմակերպություններից (ՄԱԿ-ի մանկական և Պահապան զարգացման հիմնադրամներ, ՄԱԶԾ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Հայկական Կարմիր Խաչի ընկերություն և Սեյվ դը չիլդրեն):

Հանդիպմանը փորձագետները ներկայացրեցին վերջին երկու ամիսների ընթացքում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման ընթացակարգի նախագիծը և ուսումնամեթոդական ձեռնարկի նախնական տարբերակը:

Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ հանդիպման ավարտին որոշվեց լրամշակել ներկայացված նախագծերը, շարունակել ուսումնասիրել ոլորտի ներկա վիճակը և ձեռնարկել դրա շարունակական զարգացումն ապահովող քայլեր:

Առաջին հոգեբանական աջակցությունը նոր զարգացող ճյուղ է Հայաստանում, որը ենթադրում է նաև խնդիրների առկայություն: Այս ամենը հաշվի առնելով առաջարկություն եղավ ԱՌՆԱՊ շրջանակներում ստեղծել «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման» աշխատանքային թեմատիկ խումբ, որի շրջանակներում կկազմակերպվեն ոլորտին վերաբերող խնդիրների առավել մանրամասն քննարկումներ: