IMG_6905

Մեկնարկեց Ստեփանավանի «Անօդաչու թռչող սարքերի պատրաստման և հեռակառավարման լաբորատորիայի» կահավորման և դասընթացի նախապատրաստական աշխատանքները

Ստեփանավանի «Երիտասարդական նորարական ռեսուրս կենտրոն»-ի անօդաչու թռչող սարքերի պատրաստման և հեռակառավարման լաբորատորիայի դասընթացների մեկնարկը նախապատրաստելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Ստեփանավան համայնք:

Այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ համայնքապետի, համայնքի հետաքրքրված երիտասարդների և համայնքում գործող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը ամփոփ ներկայացրեց կենտրոնի ստեղծման նպատակը, ակնկալվող արդյունքները, կենտրոնի կայուն գործունեության համար անհրաժեշտ նախապայմանները, հեռանկարային զարգացման ուղղությունները, ինչպես նաև ներկայացրեց Հովհաննես Եղիազարյանին, ով ուսուցանելու է երիտասարդներին անօդաչու թռչող սարքեր մոդելավորել, պատրաստել և հեռակառավարել:
Ներկայումս ընթանում է երիտասարդների ընտրության և լաբորատորիայի կահավորման գործընթացը, որից հետո կսկվի բուն ուսուցումը:

Համայնքապետի և Լոռէ փրկարար ջոկատի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Կենտրոնի կայունության ապահովման հետ կապված հարցերը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստվող համագործակցության հուշագրում ներառված դրույթները (հուշագրի բովանդակությունը կներկայացնենք այն ստորագերլուց հետո):

Հաջորդ ամսվա ընթացքում կկահավորվի նաև ֆիզիկայի և քիմիայի լաբորատորաները: Բայց մինչ այդ Ստեփանավանից և Կապանից ակտիվ և հետաքրքրված 2-ից 3 երիտասարդներ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունում կանցնեն 5-օրյա վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն է պատրաստել տեղացի մասնագետներ, ովքեր կկարողանան շահագործել նշված լաբորատորիաները:

Իսկ ինչ վերաբերում է Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնի ստեղծման գաղափարին, ապա այն հանդիսանալու է մի հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան զբաղվել ռոբոտաշինությամբ, քիմիայի և ֆիզիկայի լաբորատոր փորձեր իրականացնելով, անօդաչու թռչող սարքերի (դրոն) պարզագույն մոդելներ ստեղծելով, կսովորեն դրոններով նկարահանումներ իրականացնել, նկարահանված ինֆորմացիան տեղափոխել համակարգիչ և կազմել GIS հենքի քարտեզներ, ինչպես նաև մշակել և իրականացնել բազաթիվ նորարարական գաղափարներ։ Ռեսուրս կենտրոնի գործունեության շրջանակը չի սահմանափակվելու վերոթվարկյալներով, այլ համալրվելու է նոր ուղղություններով՝ համայնքի երիտասարդների պահանջներին համապատասխան։

Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնը ստեղծվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: