_DSC0073

Եվս մեկ լաբորատորիա ակտիվ կգործի Ստեփանավանի և Կապանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ներում

Օրերս Ստեփանավանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ի ֆիզիկայի և քիմիայի էլեկտրոնային լաբորատորիաները օգտագործող մասնագետները «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունում մասնակցեցին եռօրյա վերապատրաստման դասընթացին:

Մասնակիցները ծանոթացան ընկերության տեխնոլոգիական նորարարությունների շահագործման կանոններին, որոնցով համալրվելու է վերոնշյալ լաբորատորիան:

«Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ը ստեղծվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրը, իսկ ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Նմանատիպ վերապատրաստման դասընթաց կանցկացվի սեպտեմբերին նույն ծրագրի շրջանակներում ստեղծվող Կապանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչների համար:

Բացի վերոնշյալ լաբորատորիայից Ստեփանավանի երիտասարդական կենտրոնում արդեն իսկ գործում է «Անօդաչու թռչող սարքերի պատրաստման և հեռակառավարման» խմբակը: Ներկայումս իրականացվում են տեսական դասընթացներ, հեռակառավարման ուսուցում, որին կհաջորդի գործնական պարապունքները, որի շրջանակներում ուսուցանվողները փորձառու մասնագետների աջակցությանբ կզբաղվեն անօդչու թռչող սարքերի պատրաստմամբ: