IMG_9216

ԵՎՍ 2 ԱՄԻՍ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԴՐՈՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍԱՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԻՆՔՆՈՒՅՈՒՅՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՎ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐԵԼ ԱԹՍ-ՆԵՐ

IMG_9222Օգոստոսի 9, 2018 թ.: «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը մոնիտորինգ այցով Ստեփանավանում էր:

Այցի շրջանակներում պրն. Բարսեղյանը այցելեց «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն», հետևեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատրաստման և հեռակառավարման դասընթացի ընթացքին, զրուցեց համակարգողների և ուսուցանվողների հետ, ինչպես նաև ծանոթացավ վերջիններիս կողմից կատարված աշխատանքներին:

_DSC0071 - CopyՀարցազրույց իրականացվեց կենտրոնի համակարգողի՝ Գայանե Գևորգյանի հետ, ով իր խոսքում ասաց. ««Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ը դեռևս իր առաջին քայլերն է անում Ստեփանավանում, բայց արդեն հասցրել է իր գիրկն առնել այն պատանիներին, ովքեր առաջինն են Ստեփանավանում ԱԹՍ-երի մոդելավորման մեջ փորձում իրենց ուժերը: Եվս 2 ամիս և նրանք կառանձնանան իրենց կայուն գիտելիքով, ինչը հիմք կդառնա Ստեփանավանում և տարածաշրջանում ԱԹՍ-երի կիրառման բազմաբնույթ ծառայությունների` մասնավորապես տուրիզմի, գյուղատնտեսական, արտակարգ իրավիճակներում օգնության, անտառների պաշտպանության, ինչպես նաև տարբեր միջոցառումների նկարահանման ծառայությունների մատուցման համար:
Հուսով եմ՝ այս պատանիների օրինակը գրավիչ կլինի շատերի համար, և կենտրոնի դասընթացները շարունակական բնույթ կկրեն: Կենտրոնին տրամադրված բնագիտական առարկաների լաբորատոր սարքավորումները և էլեկտրոնային գրատախտակը թույլ կտան իրականացնել բովանդակալից դասընթացներ` համագործակցելով դպրոցների և այլ կրթական հաստատությունների հետ»:

Հանդիպում տեղի ունեցավ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ, ով ինչպես ծրագրի նախագծի ներկայացման, այնպես էլ դրա իրականացման փուլում հավատացած է և վստահ, որ երիտասարդական կենտրոնի առկայությունը միայն և միայն կնպաստի քաղաքի կայուն զարգացմանը:

Ըստ քաղաքապետի՝ այն առաջին հերթին հնարավորություն կընձեռի երիտասարդներին իրենց քաղաքում զբաղվել նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուսուցմամբ, որը ինչ-որ առումով կնվազեցնի համայնքը լքելու ռիսկը: Իսկ ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հավաքման և հեռակառավարման լաբորատորիային, ապա այն ունենալն ավելի քան անհրաժեշտ է:
Ներկայումս մենք կարող ենք ԱԹՍ-ները օգտագործել քաղաքի մաքրությանը հետևելու, անտառները, այգիները բուժելու, բազմապրոֆիլ քարտեզներ կազմելու, որոնողափրկարարկան աշխատանքներ իրականացնելու և բազմաթիվ այլ ոլորտներում կիրառելու նպատակով: Եվ վերջիվերջո կփորձենք կենտրոնում ստեղծել աշխատատեղեր և զարգացնել այն:

Պրն. Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու և կատարած աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև հավաստիացրեց, որ ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ շարունակելու է երիտասարդական կենտոնը զարգացնելու համար նոր գործընկերներ ներգարվվելու գործընթացը: Ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նորարարական ընկերությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ կենտրոնի զարգացմանը նպաստելու նպատակով:

Այցի շրջանակներում կենտրոնին հանձնվեց էլեկտրոնային գրատախտակ և աթոռներ: Նախքան այդ կենտրոնին էին հանձնվել դասընթացները իրականացնելու համար անհրաժեշտ կահույք, գործիքներ և սարքավորումներ:

Կենտրոնը ստեղծվել է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Կենտրոնի տարածքը տրամադրել է Ստեփանավանի քաղաքապետարանը, ինչպես նաև իրականացնել է վերանորոգման աշխատանքները: