IMG_9459

Ներկայացվեց ու քննարկվեց «Առաջին օգնության» ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների փաթեթը

25.09.2018թ.: Տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) «Առաջին օգնության» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել, այնուհետև քննարկել առաջին օգնության (ԱՕ) ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների փաթեթը:

Առաջարկությունների փաթեթը մշակվել է հաշվի առնելով և ուսումնասիրելով ԱՕ ոլորտի օրենսդրական կարգավորումների միջազգային փորձը և ԱՕ ոլորտի օրենսդրական կարգավորումների ներկայիս իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Միջազգային փորձի հիման վրա ձևավորվել են «Առողջապահության մասին ՀՀ օրենք»-ում առաջին օգնության ոլորտի կարգավորումներ՝ հասկացությունների և հոդվածների տեսքով:
Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է մի շարք շահագրգիռ պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

ԱՕ թեմատիկ խմբի հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամվել Սողոմոնյանը թիմի անդամներին ներկայացրեց բարեփոխումների փաթեթը, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Հաշվի առնելով քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները՝ կլրամշակվի ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների փաթեթը: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի հավելյալ հանդիպումներ՝ այն վերջնականացնելու համար:

Բարեփոխումների փաթեթը մշակվում է ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարություններից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԶԾ-ից, ՅՈւՆԻՍԵՖ-ից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Շտապ օգնության ծառայությունից, Կրթության ազգային ինսիտուտից, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ: