IMG_0914

ՀՀ ԱԻ նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները ուսուցանվում են անօդաչու թռչող սարքեր շահագործել

Գաղտնիք չէ, որ աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում տարեցտարի աճում է նորագույն տեխնոլոգիաների դերը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը նոր և առավել արդյունավետ հնարավորություններ է ընձեռում ոլորտում առկա խնդիրների լուծման համար: ԱՌԿ ոլորտում նորարարության կարևոր դերի մասին է վկայում նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ԱԻՆ) նախաձեռնությամբ մշակվող «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում նորարարության և տեխնոլոգիական զարգացման հայեցակարգ»-ի նախագիծը:

Վերոնշյալ ուղղություններով ՀՀ ԱԻ նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով՝ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կազմակերպել էին եռօրյա վերապատրաստման դասընթաց «Անօդաչու թռչող համակարգեր և հեռահար զոնդավորում» թեմայով:

Դասընթացը նախատեսված էր ՀՀ ԱԻ նախարարության մարզային փրկարարական վարչությունների, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» ՀԿ-ի և Ստեփանավանի «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ի ռոբոտաշինության լաբորատորիայի սաների համար:

Դասընթացը անցկացրեցին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի փորձագետներ Հովհաննես Եղիազարյանը և Շոն Ռեյնոլդսը, ովքեր մասնակիցների հետ իրականացրեցին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ԱԹՍ-ներով հեռահար զոնդավորման հետ կապված ավելի քան 16 գործնական և տեսական պարապմունքներ:

ԱԻ նախարարության աշխատակիցների համար առաջին անգամ էր կազմակերպվում վերոնշյալ թեմայով դասընթաց, որին կհաջորդի նաև հրահանգչային դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցներին կփոխանցվեն ավելի խորքային գիտելիքներ ոչ միայն ԱԹՍ-ներ հեռակառավարելու և ԱԹՍ-ներով քարտեզագրում իրականացնելու, այլ նաև գիտելիքներ՝ սարքերը ճիշտ շահագործելու, անսարքությունները հայտաբերելու և վերացնելու ուղղությամբ:

Դասընթացը իրականացվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մոնիտորինգ այցով ներկա գտնվեցին Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոյանովիչը և ՄԱԿ-ի ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը:
Պրն. Ստոյանովիչը նաև եղավ նույն ծրագրի շրջանակներում ստեղծված «Համայնքային նորարարական ռեսուրս կենտրոն»-ում, որտեղ ծանոթացավ ԱԹՍ-ների հավաքման լաբորատորիային:

Դասընթացին ներկա էին թվով 30 մասնակից, որոնցից 24-ը՝ տղամարդ, 6-ը` կին:
Դասընթացի վերջում ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյան բոլոր մասնակիցներին հանձնեց դասընթացին մասնակցության վկայագրեր: