IMG-62788b9cd70b409bdeca6d739e56bed9-V

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին

Նոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Իտալիայի Հռոմ քաղաքում ՄԱԿ-ի աղետների նվազեցման գրասենյակի և Իտալիայի կառավարության հովանու ներքո անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպական ֆորումին: Միջոցառման շրջանակներում կազմակերպված են շուրջ 20 աշխատաժողով և թեմատիկ քննարկում, որոնց մասնակցում է շուրջ 55 պետության 800 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այլք:

Իտալիայի վարչապետի նախագահությամբ միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում ԱԻ նախարարի տեղակալ Ա. Նազարյանը հանդես է եկել խոսքով՝ ներկայացնելով ս.թ. հունիսին Երևանում տեղի ունեցած Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի արդյունքները և դրա շրջանակներում անդամ երկրների կողմից ընդունված Երևանի հռչակագրի հիմնական դրույթները: Ա. Նազարյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը՝ շարունակելու համագործակցել գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ: Նա նշել է, որ Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումը հիանալի հարթակ է, որը միավորում է ԱՌՆ գլոբալ օրակարգի շուրջ համախմբված եվրոպական ընտանիքի բոլոր անդամներին:

-Մենք հույս ունենք, որ այս ֆորումի աշխատանքները կնպաստեն փոխգործակցության նոր պլատֆորմների և ուղիների հայտնաբերմանը՝ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման գործընթացքում առկա վերջին ձեռքբերումներն առավել ընդգծելու և զարգացնելու համար, – ասել է Ա. Նազարյանը:

Արա Նազարյանը մասնակցել է նաև «Եվրոպայի քաղաքացիների պաշտպանություն. աղետների դիմակայունության սոցիալական պայմանագիր» թեմայով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը: Այս նստաշրջանի նպատակն է գնահատել աղետների դիմակայունության բարձրացման ուղղված գործողությունների քաղաքական դինամիկան և բացահայտել տարածաշրջանային համագործակցության կոնկրետ ոլորտները, որոնք կարող են առաջ մղել այդ գործընթացները: Հանդիպման օրակարգում դրված է նաև «Եվրոպայի քաղաքացիների պաշտպանություն. աղետների դիմակայունության սոցիալական պայմանագիր» նստաշրջանի բարձր մակարդակի կոմյունիկեի ընդունման հարցը, որը ներառում է ՍԳԾ-ի իրականացման նոր հանձնարարականներ և հանձնառություններ:

Նշենք, որ ֆորումը նվիրված է 2017 թ. Մեքսիկայում տեղի ունեցած ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի ընթացքում նախանշված առաջնային հիմնախնդիրների խորքային քննարկմանը՝ ուղղված Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և Փարիզի համաձայնագրին համահունչ ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացմանը: Եվրոպական ֆորումը հարթակ է՝ քննարկումներ ծավալելու համայնքային դիմակայունության, ԱՌՆ ոլորտում կայուն ներդրումների, ԿԶՆ և կլիմայի փոփոխության օրակարգերին ներդաշնակ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի գործընթացի և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆորումի շրջանակներում մի շարք քննարկումներում ներկայացվել է նաև Հայաստանի փորձը:

Նյութի աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ