IMG_1770

Հերթական դասընթացը` անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անվտանգ շահագործման և ԱԹՍ-ներով քարտեզագրում իրականացնելու վերաբերյալ

Նոյեմբերի 10-11. 2018թ.: Հերթական դասընթացն իրականացվեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անվտանգ շահագործման և ԱԹՍ-ներով քարտեզագրում իրականացնելու վերաբերյալ: Ի տարբերություն նախորդի, այս դասընթացը հրահանգչային բնույթ էր կրում, իսկ տրվող գիտելիքները՝ ավելի խորքային:

Դասընթացը նախատեսված էր ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչների համար, որի հիմնական նպատակն էր պատրաստել մասնագետների, ովքեր կկարողանան անվտանգ շահագործել անօդաչու թռչող սարքերը, դրանք գրագետ օգտագործել քարտեզագրման և թիրախ տեղանքների մոդելավորման համար, ինչպես նաև կկարողանան փոխանցել իրենց ստացած գիտելիքները մյուսներին:

Երկօրյա դասընթացը ներառում էր տեսական և գործնական պարպունքներ: Նախ և առաջ մասնակիցներին ներկայացվեց ԱԹՍ-ները, դրանց տեսակները, օգտագործման ոլորտները, անվտանգ շահագործման ստուգաթերթերը, որից հետո ստացված գիտելիքները ամրապնվեցին գործնական պարապունքների միջոցով:

ԱԹՍ-ներով երկուսից երեք ժամ թռիչքներ կատարելու արդյունքում՝ մասնակիցները սովորեցին՝ հեռակառավարման վահանակի հետ աշխատելու տեխնիկան, յուրաքանչյուր հրահանգի դեպքում ԱԹՍ-ի գործողությունները և այլն:

Հաջորդ քայլով, մասնակիցները սովորեցին ԱԹՍ-ներով իրականացնել նկարահանումներ՝ նախօրոք հաստատված երթուղով, որը հետագայում օգտագործվեց Pix4D քարտեզագրման ծրագրով քարտեզներ պատրաստելու համար:

Pix4D քարտեզագրման ծրագիրը, ինչպես նաև համակարգիչը, որը նախատեսված է նման բազմաֆունկցիոնալ և հզոր քարտեզագրման այլ ծրագրեր օգտագործելու համար գնվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի կարողությունները զարգացնելու նպատակով:

Մասնակիցները սովորեցին օգտագործել նաև վերոնշյալ ծրագիրը:

Վերջիններս իրենց գիտելիքները ամրապնդելու, ինչպես նաև հրահանգչային ունակությունները զարգացնելու նպատակով՝ հանդես կգան որպես հրահանգիչներ՝ ս.թ. նոյեմբերի 15-18-ը նախատեսված «Անօդաչու թռչող համակարգեր և հեռահար զոնդավորում» թեմայով դասընթացին:

Դասընթացը կազմակերպել էին ԱՌՆԱՊ հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: