IMG_2854

ALTER ծրագրի մասնակիցները այցելեցին ՀՀ ԱԻՆ. Ծրագրի շրջանակներում իրականացվեց նաև երկօրյա դասընթաց ուսանողների համար

Դեկտեմբերի 3-ից 5-ը Երևանում անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման դաշինք (ALTER) ծրագրի իրականացնող և աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները ս.թ. դեկտեմբերի 4-ին այցելեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հյուրերը, մասնավորապես, այցելեցին ԱԻՆ Ճնգաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ մանրամասն ծանոթացան կենտրոնի գործունեությանը: Հյուրերի հետաքրքրող հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակային պատասխաններ:

Այնուհետև ԱԻ նախարարության նիստերի դահլիճում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանի գլխավորությամբ կայացավ ծրագրի և ԱԻՆ ստորաբաժանումների ներկայացուցիչների ընդլայնված հանդիպումը: Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման գլխավոր գրավականը հենց միջազգային բեղուն համագործակցությունն է: Իր հերթին Կիպրոսի եվրոպական համալսարանի գիտաշխատող, քաղաքացիական պաշտպանության փորձագետ Եվանգելոս Կատսարոսը նշեց, որ խիստ տպավորված է տեսածով, ընգծելով, որ Հայաստանը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործում առաջատար դիրքում է և հստակ զարգանում է նախանշված ուղով:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը, Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի տնօրեն, ALTER ծրագրի համակարգող Ջորջ Դրակատոսը, Կիպրոսի եվրոպական համալսարանի գիտաշխատող, քաղաքացիական պաշտպանության փորձագետ Եվանգելոս Կատսարոսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի գիտաշխատող Շոն Ռեյնոլդսը, ինչպես նաև այլ բանախոսներ պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

«Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել աղետների նկատմամբ Հայաստանի համայնքների դիմակայունությունը պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանավորման և իրականացման ժամանակակից գործընթացների և Եվրոպական միության երկրների փորձի ու լավագույն գործելակերպի փոխառման և տեղայնացման միջոցով»,- նշեց Արա Բարսեղյանը:

Վերջինս նաև կարևորեց այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում օրենսդրական մակարդակում առկա այնպիսի խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այս բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության համար:

Եվանգելոս Կատսարոսը իր հերթին նշեց, որ ALTER ծրագրի շրջանակներում համագործակցելու են և՛ կառավարության հետ՝ ի դեմս ԱԻ նախարարության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների, և՛ մասնավոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հասնել ծրագրով հետապնդվող նպատակների իրականացմանը:

Նշենք նաև, որ Հայաստանում Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագիրն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի ու Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:

Նույն ծրագրի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 4-5-ին կազմակերպվել էր նաև երկօրյա դասընթաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, ինչպես նաև այլ բուհերից մասնակցության ցանկություն ներկայացրած ուսանողների համար:
Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին ավելի քան 20 զեկույց, այդ թվում.
• Երկրաշարժների մակրոսեյսմիկ էֆեկտները,
• Մեծ պատվարների սեյսմիկ մշտադիտարկումը,
• Հրաբուխների, խզվածքերի, մարդածին կառուցվածքների մշտադիտարկումը` միջավայրի շարունակական սեյսմիկ աղմուկի գրանցումների կիրառմամբ,
• Արևմտյան Հունաստանի ՀԷԿ-ի կառավարումը ջրհեղեղի դեպքում,
• Ռիսկերի կառավարում,
• Միջսահմանային համագործակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար. EU-CIRCLE-ի և IMPRESS-ի դեպքերը,
• Անօդաչու թռչող սարքեր և 3D մոդելների կիրառումը հանքերի հետ կապված աղետների գնահատման մեջ,
• Արբանյակային տեխնոլոգիաների կիրառումը երկրակեղևի դեֆորմացիայի մշտադիտարկման համար,
• Աղետների կանխարգելման և մեղմացման համար սողանքային ռիսկերի գնահատման մոդելը,
• Արտակարգ իրավիճակների լոգիստիկա (լավագույն փորձ, գործող միջավայր, գործիքներ և մեթոդներ, լոգիստիկ գործընթացներ, վարժանքներ):
• և այլն
Զերկույցները ներկայացվել են ինչպես ոլորտի տեղացի մասնագետների, այդպես էլ եվրոպական մի շարք ուսումնական և գիտահետազոտական կառույցների ականավոր ներկայացուցիչների կողմից: