IMG_2639

Փորձարկվեց «Արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացի փաթեթը

Նոյեմբերի 25-26. 2018թ: Իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթաց, որը նախատեսված էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի, ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների, Երևան քաղաքի փրկարարական վարչության, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչների համար:

Դասընթացը նպատակ էր հետապնդում.
• Պատրաստել մասնագետներ փրկարար ծառայության մարզային կառույցներում, ովքեր անհրաժեշտության դեպքում կկարողանան հոգեբանական առաջին օգնություն տրամադրել դեպքերի, պատահարների, արտակարգ իրավիճակների ժամանակ տուժած և նմանատիպ օգնության կարիքը ունեցող անձանց:
• Պատրաստել մասնագետներ փրկարար ծառայության մարզային կառույցներում, ովքեր ոչ միայն կստանան համապատասխան գիտելիքներ, այլև կկարողանան դրանք փոխանցել ուրիշներին:
• Փորձարկել «Արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացի փաթեթը, հատնաբերել բացերը, լսել մասնագետների կարծիքները և դրանք հաշվի առնելով կատարելագործել այն:

Դասընթացի ուսումնական փաթեթը մշակվել է «Արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն» – ուսումնական ձեռնարկ արձագանքողներ համար աշխատության հիման վրա։ Ինչպես ձեռնարկը, այնպես էլ դասընթացի ուսումնական փաթեթը մշակվել են «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Երկօրյա դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական պարապունքներից, հոգեբանական բնույթի խաղերից, ինչպես նաև իրավիճակային խնդիրներից, որոնց ընթացքում մասնակիցները ցուցադրում էին իրենց հմտությունները՝ իրական դեպքերին համապատասխան կերպով արձագանքելու տեսանկյունից։ Քննարկման արդյունքում դուրս էին բերվում հոգեբանական տեսանկյունից ընդունելի և ոչ ընդունելի վարքականոնները:

Մասնակիցներին ներկայացվեցին հնարքներ, մեխանիզմներ և խաղեր, որոնք կօգնեն վերջիններիս իրական դեպքերի ժամանակ տուժածներին ցուցաբերել առաջին հոգեբանական աջակցություն:

Մասնակիցների «դատին» ներկայացվեց նաև Արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն» – ուսումնական ձեռնարկ արձագանքողներ համար աշխատությունը: Ստացած և դեռ ստացվող առաջարկությունների և դիտարկումները հաշվի առնելով կլրամշակվի և՛ ձեռնարկը և՛ դասընթացի ուսումնական փաթեթը:

Դասընթացի մասնակիցների թիվը 32-ն էր, որոնցից 25-ը՝ տղամարդ, 7-ը՝ կին: