IMG_3302

Քննարկվում է «Աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրության փոփոխությունը, ԱԻ ոլորտում միջազգային մի շարք շրջանակային ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը, ՀՀ ԱԻ համակարգում շարունակական կատարելագործման և աղետների ռիսկի նվազեցման առաջնային դերի կարևորությունը, մի շարք օրենքների անկատարությունը, օրենքների միջև հակասությունները և այլ հանգամանքներ, ամիսներ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ներկայացուցիչներ ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից և «ԱՌՆ ազգային պլատֆորմ»-ի գործընկեր կառույցներից: Այն աշխատում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կատարելագործման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով երկարատև քննարկումների արդյունքում բացահայտված խնդիրները, որոշվեց մշակել օրենք, որը կկանոնակարգի ոչ միայն ԱԻ-ներում բնակչության պաշպանության, այլև աղետների ռիսկի նվազեցման հետ կապված խնդիրները:
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մեկնարկեց սույն աշխատանքային խմբի հեթական հանդիպումը, որի նպատակն է քննարկել, լրամշակել և վերջնականացնել օրենքի նախագիծը, որից հետո այն կշրջանառվի մյուս նախարարությունների և գերատեսչությունների շրջանում՝ կարծիքներ հավաքագրելու նպատակով:

Քննարկումը կշարունակվի նաև վաղը:

Քննարկմանը ընդհանուր առմամբ մասնակցում են 20 ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներից, «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամից, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից և «Լոռէ» փրկարար ջոկատ ՀԿ-ից:

Երկօրյա աշխատանքային հանդիպում կազմակերպվել է ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԶԾ կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» և «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում:

P.S Նյութում ներկայացված օրենքի նախագծի վերնագիրը ենթակա է փոփոխության: