IMG_2756

Նոր զարգացումներ, նոր ռիսկեր

Բազմիցս խոսել ենք նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես անօդաչու թռչող համակարգերի մասին: Դրանց կիրառման ոլորտները բազմաթիվ են: Ներկայումս դրանք օգտագործվում են գյուղատնտեսության, աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, պաշտպանության, քարտեզագրման, մոնիտորինգի և մի շարք այլ ոլորտներում: Վերջին երկու տարվա ընթացքում դրանք լայնորեն օգտագործվում են նաև Հայաստանում. պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից:

Անժխտելի փաստ է, որ դրանց կիրառումը նոր և առավել արդյունավետ հնարավորություններ է ընձեռում առկա խնդիրների լուծման համար: Սակայն այս գիտատեխնիկական առաջընթացը և դրա լայնամաշտաբ կիրառումը իր հետ առաջ է բերում նոր ռիսկեր:

Այս ամենը հանգեցրեց մի նախաձեռնության, որն ուղղված է Հայաստանում զագացող այս նոր ոլորտի կանոնակարգմանը:

Առաջին քայով, «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորող՝ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն) մշակվել է «Անօդաչու թռչող համակարգերի վերաբերյալ պետական կարգավորումների հայցակարգ»-ի նախագիծ, որը քննարկելու, կատարելագործելու և համաձայնեցնելու համար ս.թ. նոյեմբերի 29-30 կազմակերպվեց աշխատանքային հանդիպում:

Աշխատանքային թիմում ներգրավված են ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններից, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՄԱԶԾ-ից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող բիզնես ընկերություններից:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները տեղեկացրեցին, որ նեկայումս «Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության» կողմից մշակվում է անօդաչու թռչող համակարգերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների փաթեթ, իսկ Հայաստանը պատրաստվում է ընդունել դրանք: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ազգային կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել դրանց:

Քննարկում ծավալվեց ԱԹՍ-ներ հեռակառավարող կազմակերպությունների և անհատների լիցենզավորման և հաշվառման, ինչպես նաև ավիամոդելային խմբակների զարգացման շուրջ: Պաշտպանության նախարարությունը ներկայացուցիչները և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը ցուցաբերել սույն խմբակների զարգացմանը:

Հանդպման արդյունքում որոշվեց հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք շրջանառել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին և շարունակել վերոնշյալ հայեցակարգի լրամշակման գործընթացը: