IMG_0563

ՀԳԾ 2 – ԱՌՆ տարածաշրջանային խորհրդակցություն

Սույն թվականի ապրիլի 1-ից-2-ը Ալմա-Աթայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել ՀԳԾ-ի շարունակականության երաշխիքը 2015 թ. հետո: Հանդիպմանը մասնակցեցին յոթ երկրների վաթսուն ներկայացուցիչներ: ՀՀ-ից մասնկացեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ԱՌՆ Ազգային Պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը, Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՕՔՍՖԱՄ միջազգային կազմակերպության ԱՌՆ ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ի ծրագրի համակարգող Կարինե Գաբրիելյանը: Ստորև բերվում է ՀԳԾ 2-ի վերաբերյալ ՀՀ պաշտոնական տեսակետը, որը ներկայացրեց պրն. Գրիգորյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ես ցանկանում եմ ողջունել տարածաշրջանային խորհրդակցության մասնակիցներին այս հրաշալի նախաձեռնության կազմակերպման համար, որը ևս մեկ հնարավորություն է բոլորիս համար մեր երկրներում ՀԳԾ ձեռքբերումների ու քաղված դասերի ամփոփման, համագործակցային նոր մեխանիզմների ձևավորման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև ՀԳԾ հետագա զարգացումների քննարկման ու առաջարկությունների ձևավորման համար:
Որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, 2005 թվականին Հայաստանն անդամակցել է Հյոգոյի գործողությունների ծրագրին և անցած մի քանի տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել վերջինիս իրականացման և հատկապես աղետների ռիսկի նվազեցումը զարգացման քաղաքականության և ծրագրերի մեջ ինտեգրելու ուղղությամբ՝ ճանաչելով այն որպես երկրի զարգացման և անվտանգության գերակա ուղղություն: Մասնավորապես.
1. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը և հաստատվեց ԱՌՆ Ազգային ռազմավարությունը, որը մշակվել է ՄԱԶԾ անմիջական աջակցությամբ՝ հիմք ընդունելով Կայուն զարգացման և Հյոգոյի գործողությունների ծրագրի գերակա խնդիրները:
2. ԱՌՆ Ազգային պլատֆորմի նախաձեռնությամբ MADRID ծրագիրը թարգմանվեց, տեղայնացվեց և իրականացվում է մասնագետների վերապատրաստման դասընթացներում:
3. 10 քաղաքներ անդամագրվեցին UNISDR <<Դարձնենք քաղաքները անվտանգ>>, համաշխարհային աղետների նվազեցման արշավին:
4. ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ և ՄԱԶԾ-ի անմիջական աջակցությամբ մշակվեց և ներդրվեց <<Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման>> միասնական մեթոդաբանություն, հատուկ կարևորության արժանացնելով հատկապես տեղական մակարդակում ռիսկերի նվազեցման մշակույթի զարգացումը, քանի որ վերջիններս են իրենց վրա կրում աղետների հիմնական ազդեցությունը և տուժում, քանի որ չունեն համապատասխան կարողություններ դիմակայելու աղետներին: Աղետներին առաջինն արձագանքում են տեղական մակարդակում, այդ իսկ պատճառով կարևոր առաջնահերթություն է դրա ներառումը ՀԳԾ-2-ում:
5. ՄԱԶԾ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հիմնադրեց Ճգնաժամային Կառավարման Կենտրոնը և 911 ծառայությունը, որպես տեղեկատվության և օպերատիվ կառավարման միասնական համակարգ: Տվյալ պահին իրականացվում են համապատասխան միջոցառումներ տվյալ ծառայությունների ապակենտրոնացման ուղղությամբ:
6. ԱԻՆ և Կրթության ու գիտության նախարարության համագործակցության արդյունքում, ԱՌՆԱՊ շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և Վորլդ վիժըն Հայաստանը կազմակերպությունների աջակցության շնորհիվ, երկրի կրթության զարգացման ծրագրերում ներառվեցին ԱՌՆ հիմնահարցերը՝ կրթական չափորոշիչների ներդրման միջոցով:
7. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով մարզային փրկարար ծառայությունների ղեկավարները նշանակվեցին ՀԳԾ մարզային պատասխանատուներ:
8. Հատուկ ուշադրության արժանացան և ՀՀ ԱԻՆ աշխատանքի տեղավորվեցին թվով 30 հաշմանդամություն ունեցող անձիք: Իսկ կենտրոն ընդունված 100-ից ավելի մասնագետների 49%-ը կանայք են:
Այս ձեռքբերումների գլխավոր նախապայմաններից են ՀԳԾ իրականացման կարևորումն ու քաղաքական կամքի առկայությունը, ինչպես նաև միջազգային և տեղական այնպիսի կառույցների աջակցությունն ու փորձը ինչպիսիք են ԱՌՆ ազգային պլատֆորմը, ՄԱԶԾ, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ, UNISDR, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՕՔՍՖԱՄ, Վորլդ վիժըն Հայաստանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, <<Արտակարգ ալիք>> լրատվական կենտրոնը, <<Լոռէ>> փրկարար ջոկատը և այլն: Մենք քաջ գիտակցում ենք, որ Աղետների ռիսկի կառավարումը չի կարող լինել պետության մեջ որևէ կառույցի մենաշնորհ, իսկ երկրի դիմակայուն զարգացումը պահանջում է երկրի բոլոր կառույցների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ակտիվ և անմիջական մասնակցությունը:
ՀԳԾ իրականացումը հնարավորություն տվեց ձևավորելու ԱՌՆ համակարգի զարգացման հիմքերը, սակայն այս Դիմակայուն պետության և հասարակության կառուցման երկար ճանապարհի ընդամենը առաջին քայլերն են: Մենք ունենք ԱՌՆ մեծ փորձ, օպերատիվ մեխանիզմներ, լավագույն փորձ և քաղված դասեր 2005թ. ՀԳԾ ընդունումից ի վեր և նույնիսկ դրանից առաջ: Այս փորձը հիմք է հանդիսանում ՀԳԾ-2 քաղաքականության մշակման և ՀՀ համար ինստիտուցիոնալ կառուցվածքի զարգացման համար:
Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի առաջարկենք մեր տեսակետն ու դիրքորոշումը ՀԳԾ-2 վերաբերյալ: Մենք մանրակրկիտ ծանոթացել ենք ՀԳԾ-2 առաջարկությունների փաթեթին և լիովին համաձայն ենք առաջարկված քաղաքականության հետ: Միևնույն ժամանակ ձևավորել ենք առաջարկությունների որոշակի փաթեթ, որտեղ ներկայացված է Հայաստանի պաշտոնական տեսակետն ու առաջարկությունները: Դրանք հետևյալն են.
1. ԱՌՆ-ը զարգացման հիմք է. ԱՌՆ ինտեգրումը հետ 2015թ. զարգացման օրակարգում
– Աղետների ռիսկի նվազեցման գերկայությունները ընդգրկել հետ 2015 թվականի գլոբալ զարգացման գործընթացներում (Կայուն զարգացման նպատակներ, Sustainable Development Goals), որպես վերջինիս բաղկացուցիչ մաս:
– Էկո-միգրանտների և աղետների հետևանքով տեղահանվածների հիմնախնդրի հետ կապված ռիսկերի ազգային և տեղական հետազոտությունների իրականացում և համապատասխան քաղաքականության իրականացում ու ներառում ԱՌՆ ազգային ռազմավարության և ԱՌՆ գործառույթներում:

2. Տեղեկատվության կառավարում և հանրային իրազեկում
– Լրատվամիջոցների համար արտակարգ իրավիճակներում աշխատելու կոդեքսի մշակում, ներառյալ տեղեկատվության օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը:
– Լրագրողների, մամուլի պատասխանատուների ԱՌՆ ուսուցման և վերապատրաստման ռեսուրս-կենտրոնների հզորացում:

3. Տեղական մակարդակում ռիսկի կառավարում և Դիմակայուն քաղաքների զարգացում
– Գերակա ուղղություն դարձնել, աջակցել և խթանել տեղական մակարդակի ակտիվ ներգրավումը աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում, և սահմանել համապատասխան մեխանիզմներ:
– Հատուկ ուշադրություն դարձնել, աջակցել և խթանել քաղաքների դիմակայունության զարգացման հիմնական խնդիրներին և գործընթացներին՝ զարգացնելով կարողությունները քաղաքային և տեղական մակարդակներում:
– Աշխարհի բնակչության կեսից ավելին բնակվում է քաղաքներում: Ուրբանիզացիայի մակարդակը կավելանա հոջորդ տասնամյակում: Ռիսկի գործոնները քաղաքներում բարդ են և պարունակում են բազմաթիվ վտանգավոր երևույթներ:
– Ներառել աղետների ռիսկի կառավարման հիմնախնդիրները համայնքի զարգացման ծրագրերում, որպես կարևորագույն հիմնախնդիր ուշադրություն դարձնելով համայնքի զարգացման գործընթացների և աղետների ռիսկի հնարավոր փոխազդեցությանն ու փոխկապակցվածությանը:

4. ԱՌՆ գիտելիքի և կրթության տարածում:
– Կիրառել համակարգային մոտեցում ԱՌՆ մշակույթի ձևավորմանը վերջինիս դիտարկելով որպես բազմաթիվ բաղադրիչներից ձևավորվող գործընթաց բնակչության տարբեր թիրախային խմբերի համար՝ անվտանգության և դիմակայման մշակույթի հետգա զարգացման նպատակով:

5. Ռիսկի գնահատում և կառավարում
– Ռիսկերը հաշվի առնելով որոշումների կայացման գործընթացներ, ԱՌՆ ֆիքսված միջոցների հատկացում, բարելավված հաշվետվողականություն և հաշվետվություն, ԱՌՆ իրավական և ինստիտուցիոնալ համակարգեր՝ նորմատիվ չափանիշների ստեղխման համար, պատասխանատվության ապակետրոնացում ազգայինից դեպի տեղական մակարդակ, կառավարման ոլորտի բոլոր դերակատարների ընդլայնված մասնկացություն և կարողությունների զարգացում, քաղաքացիական հասարակություն, մասնավոր ոլորտ:
– Նպաստել և խթանել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման և մոդելավորման, բնակչության ԱՌՆ ուսուցման և իրազեկման մեթոդաբանության, ինովացիոն տեխնալոգիաների կիրառման և այլնի ուղղությամբ առաջավոր փորձի տեղայնացումն ու տարածումը՝ միանման ռիսկի ազդեցության երկրներում, որը կբերի ռիսկերը հաշվի առնված (risk informed) որոշումների կայացման ազգային և տեղական մակարդակներում:
– Խթանել աշխատանքները վտանգավոր երևույթների նկատմամբ խոցելիության և այդ երևույթներով պայմանավորված աղետների ռիսկի գնահատման տեխնոլոգիական, տեխնիկական և ֆինանսական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Գենդերային և խոցելի խմբերի (հաշմանդամություն ունեցող մարդիկ, երեխաները և այլոք) հարցերը պետք է համարվեն որպես կարևորագույն խնդիրներ վերոնշյալ առաջնային ուղղություններում՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլորի համար և հաշվի առնելով համապատասխան խնդիրները որոշումների կայացման գործընթացներում:
Այս առաջարկությունները ձևավորվել են Հայստանում իրականացված ազգային ՀԳԾ 2 խորհրդաժողովի ժամանակ՝ գործող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կառույցների, գիտական և ուսումնական հաստատությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության արդյունքում: Ուստի, այն արտահայտում է ողջ պետության տեսակետը:
Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ավելացնել միայն, որ մենք պետք է գիտակցենք, որ այսօր աղետների առաջացման ծանրակշիռ պատճառներից մեկը մարդկային անհաշվենկատ զարգացումն ու վերաբերմունքն է Երկիր մոլորակին:
Ժամանակն է, որ կանգ առնենք և վերջապես ընդունենք, որ մեր ապրելու միջավայրը ոչնչացնելու փոխարեն մենք պետք է միավորենք մեր ջանքերը ապագա սերունդներին առավել անվտանգ և դիմակայուն Մոլորակ փոխանցելու համար:
Շնորհակալություն:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: