IMG_2730

Ներկայացվեց և քննարկվեց ԱՕ դասընթացներ իրականացնելու համար թույլտվության տրամադրման կարգի նախագիծը

Ս.թ. նոյեմբերի 29-30֊ը տեղի ունեցավ «Առաջին օգնության» (ԱՕ) աշխատանքային թեմատիկ խմբի հերթական հանդիպումը՝ ԱՕ ցուցաբերման իրավական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթի քննարկման և վերջնականացման նպատակով։

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամվել Սողոմոնյանը, ով հանդիսանում է նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ԱՕ ոլորտի օրենսդրական կարգավորումների գծով փորձագետ, ներկայացրեց «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջին օգնության ոլորտի կարգավորումները՝ հասկացությունների և հոդվածների տեսքով, ինչպես նաև ԱՕ դասընթացներ իրականացնելու համար հավաստագրման/թույլտվության տրամադրման կարգի նախագիծը։

«Առողջապահության մասին» ՀՀ օրենքում ԱՕ ոլորտի կարգավորումները ձևավորվել են միջազգային փորձի հիման վրա և ենթարկվել իրավական փորձաքննության՝ առողջապահության իրավունքի մասնագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանների կողմից, որի արդյունքում լրամշակվել է։ Լրամշակված կարգավորումները քննարկման և վերջնական հաստատման են ներկայացվել առաջին օգնության ոլորտի Հայաստանի լավագույն մասնագետների և ԱՌՆԱՊ հիմնադրամի «Առաջին օգնության» թեմատիկ խմբի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատաժողովին։

ԱՕ դասընթացներ իրականացնելու համար հավաստագրման/թույլտվության տրամադրման կարգի նախագիծը շրջանառվել է ԱՕ թեմատիկ խմբի անդամներին, որը դեռևս քննարկան փուլում է։

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԶԾ-ից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և ԱՌՆԱՊ հիմնադրամից։

Հանդիպմանը ներկա էին թվով 12 մասնակից, որոնցից 9 -ը՝ տղամարդ, 3-ը` կին: