IMG_5454

Փորձարկվեց «Առաջին օգնության ցուցաբերման ազգային չափանիշների և դրանց հիման վրա մշակված հրահանգչային դասընթացի ուսումնական փաթեթ»-ը

Ս.թ. փետրվարի 23-24-ը Երևանում տեղի ունեցավ առաջին օգնության (ԱՕ) ցուցաբերման ազգային չափանիշների և դրանց հիման վրա մշակված հրահանգչային դասընթացի ուսումնական փաթեթի փորձարկումը:

Դասընթացի նպատակն էր քննարկել ԱՕ ցուցաբերման ազգային չափանիշները, ԱՕ հրահանգչային դասընթացի ուսումնական փաթեթի նախագիծը, մասնավորապես՝ ԱՕ դասավանդման չափանիշները, ԱՕ դասընթացների մասնակիցների անվտանգության հարցերը, ԱՕ դասավանդման մեթոդները, ԱՕ դասընթացների մասնակիցների գնահատման և որակավորման չափանիշները և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա վերջնականեցնել դրանք:

Դասընթացի մասնակիցները ընտրվել են նախօրոք տեղադրված հայտարարության միջոցով։ Ընտրվել են դիմորդների այն խումբը, ովքեր ունեին ԱՕ ոլորտում հրահանգչային փորձ։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից (ՃԿՊԱ), «Աղետների կառավարման և հանրային իրազեկման կենտրոն» ՀԿ-ից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ից, Վորլդ Վիժն Հայաստանից, «Մաստեր ֆարմ» առողջության կենտրոնից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ինչպես նաև ԱՕ անկախ հրահանգիչներ։

Մշակված նյութեր նախօրոք ուղարկվել էր մասնակիցներին՝ ուսումնասիրելու և համապատասխան առաջարկներով ներկայանալու համար:
Դասընթացի ընթացքում ակտիվ քննարկում ծավալվեց ստորև ներկայացված թեմաների շուրջ․
• Հրատապ գործողությունների փուլեր
• ԱՕ ընդհանուր քայլեր
• ԱՕ հիվանդագին վիճակների դեպքում
• Անգիտակից տուժած
• Շնչուղիների խցանում
• Վնասվածքներ
• Ջերմային խանգարումներ
• Թունավորումներ։

Քննարկումներից բացի իրականացվեց նաև գործնական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց հայեցողությամբ ԱՕ որևէ թեմա։
Գլոբալ առումով այս նախաձեռնությունը, որի շրջանակներում մշակվել է նյութերը, ԱՕ ազգային չափանիշները և իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների փաթեթը ունեն մեկ հիմնական նպատակ՝ կանոնակարգել ՀՀ-ում առաջին օգնության ոլորտը, դասընթացները իրականացնել մեկ միասնական մոտեցումներով։

Ներկայացված գործընթացները մաս են կազմում ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի։

Հանդիպմանը ներկա էին թվով 40 մասնակից, որոնցից 18 -ը՝ տղամարդ, 22-ը` կին: