IMG_5974

Պետություն – մասնավոր գործընկերության հերթական օրինակը

Ս․թ․ մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ից, «Ֆիխտներ» ընկերությունից, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից և ԱՌՆԱՊ հիմնադրամից։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի շահագործմանը հանձնված Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի և Տաթևի ջրամբարների պատվարների վնասվածքի դեպքում հնարավոր ջրածածկման գոտում հայտնվող համայնքների բնակչության պաշտպանության և արձագանքման պլանի մշակման ծրագիրը, ինչպես նաև քննարկելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հետ կապված հարցեր:

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն Ծրագրի իրականացումը պատվիրել է գերմանական «Ֆիխտներ» ընկերությանը, որը պետք է կատարի համապատասխան ուսումնասիրություններ, դրանց արդյունքների հիման վրա մոդելավորի ջրամբարների պատվարի վնասվածքի դեպքում հնարավոր վատթարագույն սցենարները, ներկայացնի առաջարկություններ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի աշխատակազմի և խոցելի համայնքների բնակչության ազդարարման արդյունավետ համակարգի, ինչպես նաև բնակչության տարհանման անվտանգ տեղամասերի վերաբերյալ։ Ստացված արդյունքները հնարավորություն կտան մշակել բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակներում արձագանքման գործելու արդյունավետ պլաններ։

«Ֆիխտներ» ընկերության կողմից ծրագրի ղեկավար Սեբաստիան Պալտը և ծրագրի ինժեներ Ֆաբիան Կնապպը ներկայացրեցին իրենց նախնական ուսումնասիրությունների արդյունքները, ռիսկի մոդելավորման հիմնական մոտեցումներն ու կիրառվող մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները: Միևնույն ժամանակ ներկայացրեցին հարցերի շրջանակը, որտեղ ակնկալում են հայ գործընկերների աջակցությունը:

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի ներկայաղուցիչը տեղեկացրեց, որ զուգահեռաբար իրականացվելու է մեկ այլ ծրագիր՝ ուղղված Որոտանի հիդրոկասկադի ջրամբարների պատվարների անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Քննարկման արդյունքում հանդիպման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ Ծրագրի արդյունավետ իրականացման առումով անհրաժեշտ է ձևավորել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական աշխատանքային խումբ:

Սույն համագործակցության ձևավորման հարցում պետություն և մասնավոր հատվածի միջև կապող օղակ է հանդիսանում «Աղետների ռիսկի նվազեման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որը շուրջ մեկ տարի է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագրի շրջանակներում համագործակցում է «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի հետ։

«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագրի հիմնական նպատակներից մեկը հենց պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևավորմանը նպաստելն է, որը տալիս է արդեն իր առաջին արդյունքները։

Հավելյալ տեղեկատվություն- «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գործունեության տեսակը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որին պատկանում է Որոտանի հիդրո կասկադը։