IMG_0519

Երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակին ընդառաջ

Երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակին ընդառաջ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ իրականացնում են «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը» ծրագիրը:

Ծրագրի նպատակը դիմակայուն շենքերի կառուցման, աղետների ռիսկի նվազեցման, կլիմայի փոփոխության հարմարվողականության և շրջակա միջավայրի կայունացման գործընթացներում դեռահասների մասնակցութան ամրապնդումն է՝ նորարարական տեխնալոգիաների, կյանքի հմտությունների ուսուցման և կամավորության հնարավորությունների զարգացման միջոցով:

Ծրագիրը սկսվել է 2019թ-ի մայիս ամսից և արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են:
Ծրագրի բաղադրիչներից մեկի իրականացման գաղափարը կայանում է հետևյալում՝ տալ համապատասխան գիտելիքներ ծրագրում ընդգրկված դպրոցների հասարակագիտություն առարկան դասավանդող ուսուցիչներին, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին: Հաջորդ քայլով յուրաքանչյուր դպրոց պետք է որոշի իր համայնքին բնորոշ հիմնախնդիրը և աշակերտներ-ուսուցիչ համագործակցության արդյունքում պատրաստի տեսանյութ՝ օգտագործելով քառածալ ստենդը, որը ծրագրի շրջանակներում տրամադրվել թիրախ դպրոցներին: Տեսանյութի տևողությունը պետք է լինի առավելագույնը 3 րոպե, որի ընթացքում երեխաները պետք է հստակ ներկայացնեն իրենց հիմնախնդիրը, այլընտրանքային լուծումները, քաղաքականությունը և գործողություններ,որոնք ուղղված են հիմնախնդրի լուծմանը:

Վերջին փուլով դպրոցներից ստացված տեսանյութերը փոխանցվելու է ընտրող հանձնաժողովին, որից հետ հաղթող դպրոցների ներկայացուցիչները կմասնակցեն՝ նոյեմբերին Երևանում կայանալիք Երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակին նվիրված համաժողովին:

Կատարված աշխատանքների մասին:
Փուլ առաջին (մայիս-հունիս): Իրականացվել են 12 վերապատրաստման դասընթացներ (յուրաքանչուր մարզում մեկ դասընթաց, Երևանում՝ երկու) շուրջ 350 դպրոցների հասարակագիտություն առարկան դասավանդող ուսուցիչների համար:

Վերապատրաստման դասընթացների նպատակն էր՝ hասարակագիտության ուսուցիչներին զինել երեխաների իրավունքների պաշտպանության մասին գործնական գիտելիքներով և տրամադրել 21-րդ դարի հմտություններ` համայնքային և սոցիալական, աղետների ռիսկի նվազեցման, բնապահպանական և կլիմայի փոփոխության թեմաների ուսումնառության միջոցով։

Փուլ երկրորդ (սեպտեմբեր): Իրականացվել են 12 սեմինար առաջին փուլին մասնակցած ուսուցիչների համար, որի նպատակն էր ներկայացնել քառածալ ստենդի կիրառման միջոցով հիմնախնդիրի ներկայացման քայլերը, ինչպես նաև պատասխանել ուսուցիչների մոտ առաջացած հարցերին:
Փուլ Երրորդ (հոկտեմբեր): Իրականացվել են 12 սեմինար, որի նպատակն է ներկայացնել տեսահոլովակների նկարահանման պարտադիր պայմանները, ցուցադրել օրինակելի տեսահոլովակներ, ինչպես նաև պատախանել ուսուցիչների և աշակերտների մոտ առաջացած հարցերին և տրամադրել խորհրդատվություն:

Փուլ չորրորդ (նոյեմբեր): Այս փուլում, կընտրվեն դպրոցներից հավաքագրված այն տեսահոլովակները, որոնք առավելագույնս կհամապատասխանեն տեսանյութի պատրաստման չափանիշներին, և տվյալ դպրոցների ներկայացուցիչները կմասնակցեն Երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակին նվիրված համաժողովին:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները.
– կընդլայնեն իրենց գիտելիքները ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին կոնվենցիաների վերաբերյալ,
– կսովորեն երեխաների իրավունքներին առնչվող տարբեր իրավիճակները վերլուծել՝ միջազգային կոնվենցիաների հետ զուգահեռներ տանելով,
– կկարողանան երեխայի իրավունքները կապել Կայուն զարգացման նպատակների հետ,
– կվերհիշեն 21-րդ դարում պահանջվող հմտությունները, կհասկանան համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման ժամանակ դրանց կիրառման անհրաժեշտությունն ու նպատակահարմարություն,
– կբարելավեն տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելու հմտություններ,
– ձեռք կբերեն հարցազրույցների անցկացման գործնական հմտություններ,
– կսովորեն մշակել գործողությունների պլան,
– և այլն: