IMG_0895

Հերթական սեմինարները իրականցվեցին Ամասիա, Ալավերդի, Թումանյան և Բերդ խոշորացված համայնքների դպրոցների ներկայացուցիչների համար

«Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են «Աղետներին պատրաստվածության և ռիսկերի նվազեցման քայլերի ուսուցումը մասնակցային և երեխայակենտրոն մոտեցումների միջոցով» թեմայով 4 սեմինար` Ամասիա, Ալավերդի, Թումանյան և Բերդ համայնքերի թվով 52 դպրոցի փոխտնօրենների համար:

Սեմինարները նպատակ էին հետապնդում փոխտնօրեններին սովորեցնել աղետներին պատրաստվածության և ռիսկերի նվազեցման քայլերը մասնակցային և երեխայակենտրոն մոտեցումների կիրառման միջոցով, ինչպես նաև ներկայացնել «Դպրոցների աշխատակիցների համար, դպրոցների մասնաշենքերի ֆիզիկական մաշվածության արագ գնահատման» ուղեցույցը:

Սեմինարների առաջին մասում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին ուսումնական տարբեր դասագրքերում աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ինտեգրման հարցերը, առարկաների միջև առկա կապերը, ինչպես նաև ԱՌԿ նյութերի դասավանդման առանձնահատկությունները և մեթոդաբանությունը:

Երկրորդ մասում ներկայացվեցին մի շարք զեկույցներ, որի նպատակն էր փոխտնօրեններին սովորեցնել գնահատելու իրենց դպրոցի մասնաշենքերի ֆիզիկական մաշվածությունը, լրացնել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազա»-ն, լուսանկարել դպրոցի մասնաշենքերի կոնստրուկտիվ տարրերի առավել բնութագրական վնասվածքները:

Ներկայացված զեկույցներն են՝
• «Շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատման ուղեցույց»,
• «Դպրոցի մասնաշենքերի ոչ կրող կոնստրուկտիվ տարրերի ֆիզիկական մաշվածության գնահատման մեթոդաբանություն»,
• «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի լրացման ուղեցույց»,
• «Դպրոցների շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատման ընթացքում կոնստրուկտիվ տարրերի առավել բնութագրական լուսանկարների պատրաստման ուղեցույց»:

Սեմինարի ընթացքում ստացված գիտելիքների հիման վրա, դպրոցների կողմից արդեն իսկ ուղարկվում են համապատասխան նյութեր՝ դպրոցների շենքերի բնութագրական վնասվածքների լուսանկարներ, լրացված տվյալների բազան, շենքերի մաշվածության գնահատականներ, ինչպես նաև առաջարկներ՝ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակ»-ը ավելի հեշտ կիրառելի դարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով ստացված առաջարկները, «Սեյսմանախագիծ» ՍՊԸ-ն կվերջնականացնի սույն սանդղակը և դրա լրացման մեթոդաբանությունները:
Դասընթացի շրջանակներում դպրոցների ներկայացուցիչներին տրամադրվել են ԱՌՆ ուսումնական նյութեր, օժանդակ ձեռնարկներ, ինչպես նաև առաջին օգնության արկղեր:

«Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից, իսկ ծրագրի սույն բաղադրիչն իրականացվում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից: