IMG_0585

Վերամշակվում է դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակը

Վերջին 5 տարիների ընթացքում պատասխանատու գերատեսչությունների և աջակից կառույցների ուշադրության կենտրոնում է դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները, որի արդյունքում էլ 2016թ-ին մշակվել է «Սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակ»-ը: Սակայն կուտակված ու կիրառված փորձի արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է վերանայել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման գոյություն ունեցող մեթոդաբանությունը և մշակել գնահատման այնպիսի սանդղակ, որում ներառված ցուցանիշների ներկայացուցչությունը և գնահատման սկզբունքները լինեն ավելի իրատեսական:

Հաշվի առնելով վերոնշյալը «Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Սեյսմանախագիծ» ՍՊ ընկերությանը պատվիրվել է մշակվել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակ, որում հաշվի պետք է առնվի ինչպես գործող սանդղակում առկա թերությունները, այնպես էլ վերագնահատվի գոյություն ունեցող սանդղակի յուրաքանչյուր ցուցանիշի ներկայացուցչության կշիռը և հաշվարկման առանձնահատկությունները:

Լրամշակված սանդղակի արդյունքները պետք է հնարավորություն ընձեռնեն պարբերաբար ճշգրտելու և թարմացնելու գոյություն ունեցող դպրոցների տվյալների բազան:

Մի քանի ամիս շարունակվող աշխատանքների արդյունքները շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով օրերս տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում, որի ժամանակ մասնակիցների քննարկմանը ներկայացվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման վերամշակված սանդղակը: Զավեն Խլղաթյանը ներկայացրեց սանդղակի ստեղծման նախապայմանները, մեթոդաբանությունը և սանդղակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տվեց պարզաբանումներ:

Ելույթից հետո կայացավ քննարկում, որի ընթացքում ներկաների կողմից բարձրացված հարցերի տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ:
«Սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակ»-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի այս տարեվերջին: