IMG_2704

Շնորհանդես՝ ԱՌՆ ոլորտային նոր ձեռնարկների ներկայացման նպատակով

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ շնորհանդես, որի նպատակն էր պաշտոնապես ներկայացնել «Առաջին օգնության հիմունքներ» և «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկներն և «Էքստերմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» բրոշուրը:

Սույն ձեռնարկները մշակվել և տպագրվել են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից:

Ողջույնի խոսքում ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը նշեց. «Առաջին օգնության միասնական չափորոշիչների բացակայությունը, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հոգեբանների ներգրավվման և աշխատանքների կազմակերպման խնդիրները համախմբեցին այս ոլորտով զբաղվող տարբեր անհատների և կազմակերպությունների՝ մեկտեղելու իրենց գիտելիքը։ Ստեղծվեցին առաջին օգնության և առաջին հոգեբանական օգնության թեմատիկ խմբեր՝ ներգրավվելով մոտ 2 տասնյակ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ մասնագետների»:

Մեկուկես տարվա աշխատանքային գործունեության արդյունքում մշակվեցին սույն ձեռնարկները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը, ով նույնպես ընդգծեց կատարված աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նշեց՝ համագործակցության շարունակականության ապահովման միջոցով հնարավոր կլինի ավելի շոշափելի արդյունքներ ունենալ ԱԻ-ների ժամանակ առաջին հոգեբանական օգնության տրամադրման ազգային կարողությունների զարգացման ուղղությամբ:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մերի Ղարիբյանը իր խոսքում կարևորեց ԱՕ աշխատանքային թեմատիկ խմբի շրջանակներում մշակված ԱՕ ազգային չափանիշների առկայությունը, ինչպես նաև այն, որ ԱՕ ոլորտը կարգավորող որոշ դրույթներ արդեն իսկ ներառվել են Առողջապահության մասին ՀՀ օրենքի նախագծում:
Ձեռնարկների բովանդակությունը ամփոփ ներկայացրեցին սույն աշխատությունները մշակող փորձագետները, որից հետո հնչեցին կարծիքներ շնորհանդեսին ներկա հյուրերի կողմից:

Մասնավորապես՝ Մովսես Պողոսյանը, ով Հայաստանում առաջին օգնության ոլորտի հիմնման և զարգացման հիմքերում է կանգնած, նշեց. «Ամեն անգամ, երբ առաջին օգնություն եք ցուցաբերում, հիշե՛ք, որ դուք օգնում եք ինչ-որ մեկի հարազատին։ Ոչ մի հզոր կառույց չի կարող առաջինը հայտնվել դեպքի վայրում, դա կարող են լինել միայն անցորդները։ Եթե առաջին օգնության գիտելիքով գոնե 5 տոկոս բնակչություն ունենանք, կկարողանանք կյանքեր փրկել»:

Խոսվեց նաև հանրակրթական դպրոցներում սույն ձեռնարկների ներդրման կարևորության մասին, բերվեցին օրինակներ տարբեր երկրներում ԱՕ ցուցաբերող բնակչության տոկոսային հարաբերակցության, զանգվածային լրատվամիջոցների պարբերաբար և ճիշտ լուսաբանման խնդիրների, սույն ոլորտների հետևողական զարգացման անհրաժեշտության, վարորդական իրավունք ստանալու քննական հարցաշարում ԱՕ հարցերի տեսակարար կշռի ավելացման և այլ հարցերի մասին:

«Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկն առաջինն է, որի մշակման աշխատանքները համակարգվել և իրականացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կողմից: Իսկ ինչ վերաբերում է «Առաջին օգնության հիմունքներ» ձեռնարկին, ապա այն նույնպես առաջին ձեռնարկն է, որի մշակման աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավել պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անկախ փորձագետներ:
Ձենարկների ներկայացումը ավարտելուց հետո 16 երիտասարդներ՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, «Իրական դպրոց»-ից, Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Արմեն Երիցյանի անվան վարժարանից, Գիտությունների ազգային ակադեմիայից և «Արմենիա Վայն» ընկերությունից, ստացան ԱՕ հրահանգչի վկայական: Այս դասընթացն առաջինն էր, որն անցկացվել էր նոր մշակված ԱՕ ազգային չափանիշներին համապատասխան:

Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները մոտ ժամանակներում կտեղադրվեն arnap.am կայքում և «Դիմակայունության առցանց գրադարան»-ում՝ library.cmsa.am .