IMG_2883

Իրականացրեցինք «Արտակարգ իրավիճակներին պատրաստավածություն և արձագանքում» թեմայով երկօրյա աշխատաժողով

Ս.թ. դեկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ»-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով կազմակերպված «Արտակարգ իրավիճակներին պատրաստավածություն և արձագանքում» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ՅՈւՆԻՍԵՖ-ի գործողությունները Հայաստանում հնարավոր խոշորամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև մարդասիրական օգնության ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվող ապրանքների ցանկը և դրանց մատակարարման ու բաշխման ընթացակարգերը:

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվեցին ստորև նշված թեմաներով զեկույցները.
– «Երեխաների համար առանցքային հանձնառություններ մարդասիրական գործողություններում» ռազմավարությունը,
– Ուժեղ երկրաշարժի դեպքում՝ ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը,
– Երկրաշարժի դեպքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակներում գործելու պլանը,
– ՄԱԿ-ի աղետների կառավարման ազգային թիմի արտակարգ իրավիճակներում գործելու միջգերատեսչական պլանը և դրա գործարկման ժամանակ կիրառվող կլաստերային մոտեցումը:
– ԱԻ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից սահմանված նորմերը՝ կրթության, առողջության, սննդի, ջրի, սանիտարական պայմաների և հիգիենայի պահպանման ուղղությամբ,
– ԱԻ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ երեխաների պաշտպանության ապահովման համար նախատեսված անհրաժեշտ հրատապ պարագաների ցանկը, դրանց հաշվարկման և գնումների կարգը:

Աշխատաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարություններից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Ջրային տնտեսության պետական կոմիտեից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից, «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից և «Վորլդ Վիժն»-ից: Ընդհանուր առմամբ 22 հոգի, որից 10-ը՝ տղամարդ, 12-ը` կին:
Աշխատաժողովի ժամանակ անցկացվեց գործնական աշխատանք, որի ընթացքում խմբերը ուսումնասիրել են «Երեխաների համար առանցքային հանձնառություններ մարդասիրական գործողություններում» ռազմավարությունը:

Գործնական աշխատանքի ընթացքում ձևավորվեցին հետևյալ աշխատանքային խմբերը.
1. ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա,
2. առողջապահություն և սնուցում,
3. կրթություն,
4. երեխաների պաշտպանություն:

Խմբերը ուսումնասիրեցին նախատեսված ոլորտները՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.
– հիմնական առանցքային հանձնառություն և ցուցիչ,
– արձագանքում,
– հարցեր պատրաստվածության վերաբերյալ,
– գույք:

Աշխատանքային խմբերում ծավալված ակտիվ քննարկումներից հետո ամփոփ ներկայացվեցին վերոնշյալ ուղղություններով կատարված աշխատանքները: Աշխատաժողովի վերջում հնչեցին կարևոր առաջարկներ, որոնց իրականացումը կնպաստի աղետների ռիսկի կառավարման ոլորտում նոր ձեռքբերումների արձանագրման: Մասնավորապես՝
Առաջարկ 1:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի անմիջական աջակցությամբ՝ լրամշակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ուժեղ երկրաշարժի դեպքում գործելու պլանը»՝ ներառելով երեխայազգայուն մոտեցումը:
Առաջարկ 2:
Վերանայել ուժեղ երկրաշարժի դեպքում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը՝ կիրառելով երեխայազգայուն մոտեցումները: